23.06.2014
Հունիսի 22-23-ը պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը` ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ուղեկցությամբ, այսօր առավոտյան այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
ՌԴ նախարարը ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, այնուհետև Ռուսաստանից ժամանած պատվիրակությունը ծաղիկներ դրեց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց անմեղ զոհերի հիշատակը:
Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարին հանձնեց 1915 թվականին ցեղասպանությունից փրկված հայերին օգնելու համար բարեգործական նպատակներով Պետրոգրադում թողարկված մեդալի ոսկե կրկնօրինակները: Մեդալի վրա պատկերված է Ռուսական կայսրության զինանշան երկգլխանի արծվի և հայկական ավանդական խաչի պատկերներըը, հետևյալ գրությամբ. «Ռուսք առ հայս ի ժամու փորձանացս»:
Հայկ Դեմոյանը Սերգեյ Լավրովին նվիրեց նաև իր հեղինակած «Թուրքիայի արտաքին քաղաքականությունը և Ղարաբաղյան հակամարտությունը» գիրքը: