23.06.2014
Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային առաջին փառատոնի «Ճշմարտության հուշարձան» խորագրով հատուկ ծրագիրը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:
Ողջույնի խոսքով ելույթ ունեցավ ՀՑԹԻ-ի տնօրեն Հայկ Դեմոյանը և ներկայացրեց «Հոգիների աճուրդ» հոլիվուդյան ժապավենը` Հայոց ցեղասպանության մասին նկարահանված առաջին ֆիլմը։
Ռեժիսոր Օսկար Ափֆելի ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է 1919 թվականի փետրվարի 16-ին Նյու Յորքի «Պլազա» հյուրանոցում։ Ֆիլմը նկարահանվել է Հայոց ցեղասպանության ականատես չմշկածագցի Արշալույս Մարտիկանյանի «Հոշոտված Հայաստան» փաստագրական հուշագրության հիման վրա։ Գլխավոր դերակատարն ինքը՝ Արշալույս Մարտիկանյանն է։ Ֆիլմից պահպանվել է շուրջ 24 րոպեանոց ժապավեն, որը փառատոնին է տրամադրել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը:
Կինոդիտմանը հաջորդեց հանդիպում-քննարկում փառատոնի հատուկ հյուրերից մեկի` հայր Հովհաննեսի (Ջովաննի Գուայտա) հետ: Ռուսական ուղղափառ եկեղեցու քահանան իտալացի պատմաբան, աստվածաբան և գրող է, ով հայերի մասին երեք աշխատությունների, այդ թվում` 2005-ին Մոսկվայում լույս տեսած «Ճիչ Արարատից. Արմին Վեգները և հայերի ցեղասպանությունը» գրքի հեղինակն է: Հանդիպման ընթացքում Ջովաննի Գուայտանը խոսեց հայերին նվիրված իր արդեն հրատարակված աշխատությունների մասին, պատմեց նաև իր նոր գրքի մասին, որի վրա աշխատում է այս օրերին: Հանդիպումից հետո ցուցադրվեց «Աուշվիտցն իմ ուսուցիչն է» 52 րոպեանոց իտալական ֆիլմը:
Տեղեկացնենք, որ հատուկ ծրագրի շրջանակում կցուցադրվի Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի մասին պատմող 7 ժապավեն` Իսրայելից, Հայաստանից և Իտալիայից: Նշված ժապավեններից մրցութային ծրագրում ընդգրկված են միայն երկուսը: