ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԸ
Կարմիր խաչ կազմակերպության 150-ամյակի կապակցությամբ
Միջազգային «Կարմիր խաչ և կարմիր մահիկ»
կազմակերպությունների տարբերանշանը
Մինչ 19-րդ դարի կեսերը գոյություն չուներ ռազմաճակատում տուժածներին բժշկական օգնություն ցուցաբերելու, պատերազմի ժամանակ վիրավորների և հիվանդների վիճակի բարելավման համար նախատեսված միջազգային որևէ չեզոք կառույց կամ կազմակերպություն: 1859թ. շվեյցարացի հասարակական գործիչ, գրող Անրի Դյունանը, դառնալով Սոլֆերինոյի ճակատամարտի ականատեսը, կազմակերպում է վիրավոր զինվորներին ցուցաբերվող օգնությունը, իսկ 1862թ. գրած իր «Հուշեր Սոլֆերինոյի մասին» /“Un souvenir de Solferino”/ գրքում առաջ է քաշում պատերազմի ժամանակ վիրավորներին օգնություն ցույց տալու համար միջազգային կազմակերպություն ստեղծելու անհրաժեշտության գաղափարը: 1863թ. Ժնևում հրավիրվում է միջազգային համաժողով, որն էլ նախադրյալներ է ստեղծում Միջազգային մարդասիրական իրավունքի և Միջազգային կարմիր խաչի ստեղծման համար:
Միջազգային կարմիր խաչն իր մեջ ներառում է երեք բաղկացուցիչներ` Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, Կարմիր խաչի և կարմիր մահիկի կազմակերպությունների միջազգային դաշնությունը և Կարմիր խաչի և կարմիր մահիկի ազգային կազմակերպությունները:
Կլարա Բարտոնի
(1821-1912)
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն /ԿԽՄԿ/, որը հիմնվեց 1863թ. Ժնևում /Շվեյցարիայում/ 1863 թ., ուներ 25 անդամներ, որոնք հանդիսանում են Շվեյցարիայի քաղաքացիներ: ԿԽՄԿ-ն ունի բացառիկ իրավասություն միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն պաշտպանելու ինչպես միջազգային, այնպես էլ միջազգային բնույթ չկրող զինված ընդհարումների զոհերի կյանքն ու արժանապատությունը:
Կարմիր խաչի և կարմիր մահիկի կազմակերպությունների միջազգային դաշնությունը, որին անդամակցում են աշխարհի երկրների մեծ մասի Կարմիր խաչի ազգային կազմակերպությունները, հիմնվել է 1919թ.` խաղաղ ժամանակ վերը նշված կազմակերպությունների գործունեությունը համակարգելու համար, /քանզի, համաձայն ԿԽՄԿ-ն կանոնադրությանը, այն գործում է միայն զինված ընդհարումների ժամանակ/:
Կարմիր խաչի և կարմիր մահիկի ազգային կազմակերպություններ գոյություն ունեն աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Այդ կազմակերպություններից յուրաքանչյուրը գործում է համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին:
Էմիլի Ռոբինսոն
Կարմիր խաչի կազմակերպությունների դերը մեծ էր հայկական կոտորածներից և Մեծ եղեռնից փրկված գաղթականներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու գործում: Առաջիններից մեկը թուրքական բռնություններին արձագանքեց ամերիկյան «Կարմիր խաչ» կազմակերպությունը:
Ամերիկյան «Կարմիր խաչ» կազմակերպությունը հիմնվել է 1881թ. Վաշինգտոնում: Կազմակերպության առաջին նախագահը Կլարա Բարտոնն էր: 19-րդ դարի վերջում Կլարա Բարտոնն արդեն ազգային հերոսի համբավ ուներ: Հենց նա գլխավորեց այն պատվիրակությունը, որը համիդյան ջարդերից հետո հսկայական օգնություն հասցրեց կոտորածներից փրկված հայերին: Մինչ հայերին օգնություն տրամադրելու իր առաքելության իրականացումը Բարտոնն օգնության ձեռք էր մեկնել բազմաթիվ ամերիկացիների ջրհեղեղների, համաճարակների և այլ աղետների ժամանակ, բայց առաքելությունը դեպի Օսմանյան կայսրություն և հայկական նահանգներ նոր փորձություն էր նրա համար: Ամերիկացիները ոչ միայն հսկայական գումար և սննդամթերք հասցրեցին հայկական վիլայեթներ, այլ առաջին անգամ մասնագիտացված թիմ կազմեցին Կարմիր խաչի հովանու ներքո Հայաստանում գործելու համար:
«Պատմության ամենամեծ սարսափը»
ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաու
“The Red Cross” պարբերական
Մարտ, 1918 թ.
Կլարա Բարտոնի գլխավորած պատվիրակությունը Օսմանյան կայսրություն է ուղևորվում 1896թ. հունվարին: Նա շուրջ ութ ամիս մնաց Թուրքիայում` համակարգելով ներքին շրջաններում տարվող մարդասիրական աշխատանքները: Ժամանելուն պես Բարտոնը հանդիպում է Օսմանյան կայսրության արտաքին գործերի նախարար Թեֆիկ փաշայի հետ, ներկայացնում է ամերիկացիների անհանգստությունը ջարդերի հետևանքով կայսրության ներքին շրջանների բնակչության համար ստեղծված ծանր կացության վերաբերյալ և շեշտում, որ իրենց առաքելության միակ նպատակը մարդասիրական օգնությունն է, և որ այն չունի ո´չ քաղաքական, ո´չ ռասայական, և ո´չ էլ կրոնական ենթատեքստ: Հանդիպման արդյունքում կողմերը համաձայնվում են, որ Կարմիր խաչի հինգ առաքելություն է գործուղվելու հայկական վիլայեթներ` տեղում իրավիճակն ուսումնասիրելու և անհրաժեշտ օգնություն տրամադրելու համար: Կարմիր խաչի ներկայացուցիչները բժշկական օգնություն են ցույց տալիս Մարաշում և Զեյթունում, ապա նրանց ուժերը կենտրոնանում են Խարբերդում: Բացի բժշկական օգնությունից Կարմիր խաչի աշխատակիցները կարիքավորներին սնունդ և հագուստ են տրամադրում, իսկ գյուղացիներին` աշխատանքային գործիքներ և հացահատիկի սերմեր: Այդ աջակցության շնորհիվ հազարավոր գյուղացիներ, ովքեր լքել էին իրենց տները ջարդերից փրկվելու հույսով, վերադառնում են և լծվում աշխատանքի:
Առաջին աշխարհամարտի ընթացքում հրատարակված
Կարմիր խաչի պամֆլետ`
հայկական և սիրիական նպաստամատույցի աշխատանքների մասին
Այսպիսով, Ամերիկյան Կարմիր խաչի ներկայացուցիչներն Օսմանյան կայսրության հայկական շրջաններում աշխատում են ավելի քան չորս ամիս, հսկայական հումանիտար օգնություն ցուցաբերելով հայ կարիքավորներին: Մինչ հայրենիք վերադառնալը Նյու Յորքից և Բոստոնից հանգանակված բավականին մեծ գումար նրանք հանձնում են Կ.Պոլսում ՙԱրտաքին առաքելությունների համամիսիոներական ամերիկյան խորհրդի՚ գանձապահ Ուիլյամ Պիտին: Հետագայում այդ գումարը օգտագործվում է Օսմանյան կայսրության ներքին շրջանների ավերված հայկական բնակավայրերի վերականգնման համար:
Միջազգային Կարմիր խաչի կողմից ցուցաբերվող օգնության հաջորդ հզոր ալիքը բարձրացավ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, երբ թուրքական իշխանությունները գործի դրեցին հայերին ոչնչացնելու իրենց վաղեմի ծրագիրը: Հայ գաղթականներին տրամադրվում էր բժշկական և նյութական օգնություն ամենատարբեր երկրներում հիմնված Կարմիր խաչի ազգային կազմակերպությունների կողմից:
1914թ. աշնանը Լոնդոնում Էմիլի Ռոբինսոնի կողմից հիմնվում է «Հայկական կարմիր խաչ և գաղթականների ֆոնդ» («Armenian Red Cross and Refugee Fundե) կազմակերպությունը: Էմիլի Ռոբինսոնը Լոնդոնի ամենահեղինակավոր թերթերից մեկի` «Դեյլի նյուսի» (“Daily News”) խմբագիր Ջոն Ռոբինսոնի դուստրն էր և դեռ 1912թ. հիմնել էր «Հայկական ընկերությունը» («The Armenian Societyե), իսկ 1914թ. սկզբին հրապարակել էր «Հայաստանի մասին ճշմարտությունը» («The Truth about Armeniaե) վերնագրով մի գրքույկ` փաստերով ներկայացնելով թուրքերի կողմից հայերի նկատմամբ իրականացվող եղեռնագործությունը և եվրոպական երկրների պատասխանատվությունն այդ ամենում: Արդեն 1914թ. դեկտեմբերից «Հայկական կարմիր խաչ և գաղթականների ֆոնդը» կազմակեպում է հանգանակություններ, որոնց մասնակցում են ոչ միայն տեղի հայերը, այլև մեծ թվով բրիտանացիներ: 1915թ. այս կազմակերպության շնորհիվ հանգանակվում է մեծ գումար, որը հագուստի ու դեղամիջոցների հետ արագ փոխանցվում է Մոսկվայում Մեծ Բրիտանիայի հյուպատոսին և Ալ.Խատիսյանին` հայ գաղթականների կարիքները հոգալու համար: Կազմակերպությանն անդամակցում էին բրիտանացի հայտնի գործիչներ, իսկ աշխատանքները կանոնակարգում էր տիկին Բրայսը /Ջեյմս Բրայսի կինը/:
Օսմանյան կայսրությունից գաղթած և Արևելյան Հայաստան հասած հազարավոր հայերի համար ակտիվ օգնություն է կազմակերպում Ռուսական կարմիր խաչը: Տրամադրվում է ինչպես բժշկական օգնություն, այնպես էլ հագուստ և սնունդ: Հատկապես մեծ նշանակություն ունեցավ Ռուսական կարմիր խաչի կազմակերպած բժշկական և նյութական աջակցությունն Էջմիածնի գաղթականներին: Կազմակերպությունն օգնություն է հասցնում նաև Էրզրում, ինչպես նաև մասնակցում է թուրքերի կողմից ոչնչացման վտանգի առաջ կանգնած Վանի հայերի` դեպի Արևելյան Հայաստան գաղթի կազմակերպման աշխատանքներին:
Հայաստանի «Կարմիր խաչ» ընկերության կանոնագիրը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 1920թ.
Առաջին աշխարհամարտի տարիներին հայերին հսկայածավալ օգնություն է ցուցաբերում նաև Ամերիկյան կարմիր խաչը: Սակայն հայ բնակչությանն օգնություն տրամադրելու միակ եղանակը մնում էր Կոստանդնուպոլսում ամերիկյան դեսպանի միջոցով նվիրատվությունների փոխանցումը: 1915թ. ապրիլի 29-ին «Նյու Յորք Թայմս»-ում (“The New York Times”) տպված հոդվածի համաձայն թուրքական կառավարությունը տեղեկացրել էր պետդեպարտամենտին` Վաշինգտոն, որ Կարմիր խաչին չի թույլատրվի վիրաբույժներ և բուժքույրեր ուղարկել թուրքական կայսրության հայերին օգնելու համար: Դա վերաբերում էր ոչ միայն ամերիկացի վիրաբույժներին, բուժքույրերին և գործակալներին, այլև մյուս բոլոր օտարերկրացիներին: Եվ այդուհանդերձ, մինչ 1918թ. հունվարը սույն կազմակերպությունը 1.800.000 դոլարի հասնող գումար է տրամադրում Մերձավոր Արևելքում հումանիտար օգնության համար: Հետագայում այս կառույցի տրամադրած օգնությունը հասնում է 6.000.000 դոլարի: Ամերիկյան կարմիր խաչի աշխատակիցները աչքի են ընկնում նաև թուրքերի և քրդերի կողմից առևանգված հայ երեխաներին իրենց ծնողներին վերադարձնելու և հարեմներում պահված հայ կանանց ազատագրելու գործում: Հազարավոր երեխաներ և կանայք ազատագրվելուց հետո ապաստան էին գտնում Կարմիր խաչի հաստատություններում, մինչ իրենց ընտանիքի անդամներին միանալը: Մուդրոսի զինադադարից հետո Կարմիր խաչի աշխատանքները դադարեցվում են /համաձայն կանոնադրության/, և վերջինիս կողմից Ամերիկյան Մերձավոր Արևելքի նպաստամատույց կոմիտեին առաջարկվում է ստանձնել Մերձավոր Արևելքում իրականացվող աշխատանքների կազմակերպումը Կարմիր խաչի փոխարեն: Այս երկու կառույցների միջև համաձայնությունը ստորագրվում է Կոնիայում 1919թ. մարտին, որի համաձայն ապրիլի 1-ից Կարմիր խաչի միջոցներն ու անձնակազմը դրվում են Նպաստամատույցի տնօրինության տակ:
Մեծ Եղեռնի տարիներին ջարդերից տուժած հայ բնակչությանը մեծ օգնություն են տրամադրում նաև Կարմիր խաչի հայկական ջոկատները, իսկ 1920թ. մարտին ընդունվում է Հայաստանի Կարմիր խաչ ընկերության կանոնագիրը, ըստ որի սույն կազմակերպությունը գտնվում էր Հայաստանի կառավարության հովանու ներքո: Կանոնագրում մանրամասն սահմանվում էին Կարմիր խաչ ընկերության նպատակները, կառուցվածքը և գործունեության սկզբունքները: Ընկերության գլխավոր վարչությունը, որը հանդիսանում էր կազմակերպության ղեկավար մարմին, գտնվում էր Երևանում:
Այսպիսով, Միջազգային կարմիր խաչը իր ստեղծման հենց սկզբնական շրջանից ակտիվ աջակցություն է ցույց տվել ջարդերից տուժած հայերին: Այն կազմակերպել է հանգանակություններ ամենատարբեր երկրներում, բժշկական և նյութական մեծ օգնություն է տրամադրել հայերին ինչպես համիդյան ջարդերի շրջանում, այնպես էլ Մեծ Եղեռնի տարիներին:
Այս հեղինակավոր կազմակերպության արխիվներում պահվող բազմահազար փաստաթղթերն ու վավերագրերը վկայում ու հաստատում են օսմանյան կառավարության կողմից հայերի դեմ իրագործված ցեղասպանությունը:
Սովից և հիվանդություններից մահացած հայ գաղթականների դիակները, 1915թ.
Էջմիածնի հիվանդանոցի և որբանոցի աշխատակազմը, 1915թ.
Հայ որբերի ապաստարան, Էջմիածին, 1915թ,
Կարմիր խաչի ապաստարաններից մեկը Արևելյան Հայաստանում, 1915թ.
«Եղբայրական օգնություն» կոմիտեի որբանոցն Էջմիածնում, 1915թ.