Էրզրում (Կարին) քաղաքի համայնապատկերը
կենտրոնում Ս. Աստվածածին Մայր տաճարն է
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
ՀՑԹԻ թանգարանային ֆոնդերում պահվող Հայկանուշ Մաքինաճեան-Ահարոնեանի (Էրզրում 1898-1963 Բաղդադ) հուշագրությունն արժեքավոր սկզբնաղբյուր է Հայոց ցեղասպանության տարբեր դրվագների ուսումնասիրման առումով: «Տարագրութեան յուշեր. Էրզրում – Մուսուլ» վերնագրով հուշագրությունը թեև ծավալուն չէ (86 էջ), սակայն եզակի է Էրզրումի և շրջակայքի հայության տեղահանության, կոտորածների, կանանց ու երեխաների առևանգումների, բռնության դեպքերի ուսումնասիրման առումով:
Հուշագիրը՝ Հայկանուշ Խաչատուրի Մաքինաճեան-Ահարոնեանը ծնունդով Արևմտյան Հայաստանի Էրզրում քաղաքից էր, ընտանիքի վեց զավակներից մեկը: 17 տարեկան էր, երբ սկսվեց Հայոց ցեղասպանությունը և տեղահանության մի քանի ամիսների ընթացքում մեկը մյուսի հետևից կորցրեց ընտանիքի բոլոր անդամներին:
Տեղահանության և վերապրման իր պատմությունը հուշագիրը սկսում է 1915 թ. հունիսից՝ օր առ օր, բնակավայր առ բնակավայր նկարագրելով Էրզրումից դուրս եկած քարավաններից մեկի անցած ճանապարհը մինչև Մոսուլ: Ըստ հուշագրի՝ տարագրվող քարավանը Էրզրում քաղաքից «մահուան ճամբա» է ընկնում 1915 թ. հունիսի 28-ին՝ շաբաթ օրը, թեև տեղահանության հրամանը ստացվել էր դեռ հունիսի 8-ին: Քարավանի մեջ էին նաև Հայկանուշն ու իր ընտանիքի մյուս յոթ անդամները. հայրը՝ Խաչատուր, մայրը (անունը չի նշվում), եղբայրները՝ Երվանդ (ավագ եղբայր), Ղազարոս (Կ.Պոլսի զինվորական վարժարանի ուսանող), Հովակիմ (9 տարեկան) և քույրերը՝ Սաթենիկ (Հռիփսիմեան վարժարանի շրջանավարտ) և Տիգրանուհի: Նրանց հետ էր նաև հուշագրի քրոջ՝ Սաթենիկի նշանածը՝ Երվանդ Վանեցյանը, որը Աշկալեի (Էրզրում քաղաքից մոտ 40 կմ արևմուտք) մոտ սաստիկ տենդի պատճառով չի կարողանում ճանապարհը շարունակել և որի մասին այլևս ոչ մի տեղեկություն չեն ունենում:
Հուշագիրը նկարագրում է տեղահանության ողջ սարսափները՝ միևնույն ժամանակ գծելով այն ճանապարհը, որով ամիսներ շարունակ քայլել և որտեղ կանգ է առել օրըստօրե նվազող քարավանը: Կէզ – Աշգալէ - Բաբերդ – անցել են Ճորոխ գետը - Երզնկա - Քեմախի կիրճ – Էգին – Արապկիր – անցել են Մուրադ գետը – Խարբերդ – Մեզրե – Տիգրանակերտ – Մերսին – Մծբին (Նիսիբին) - Ճիզիրէ (Ջեզիրե) – Տհոք - Նէպի Եունուզ (գյուղ Մուսուլի ճանապարհին) – Մոսուլ … Ահա մահվան ճանապարհը, որն անցնելով, հուշագիրը հրաշքով վերապրել է՝ կորցնելով բոլոր հարազատներին:
Հուշագիրն ականատես է եղել տղամարդկանց մեկուսացման ու սպանության տեսարաններին, կանանց ու երեխաների առևանգման ու բռնության դեպքերին, վերապրել սովից, ծարավից ու հիվանդություններից օրըստօրե հյուծվող ու մարող հարազատների մահը՝ խեղդվելով նրանց օգնել չկարողանալու անզորության մեջ, և վերջում արդեն մնացել մենակ մարդկային դիմագիծը կորցրած և անտարբերության մատնված խլյակների կողքին:
Հասնելով Քեմախի կիրճ՝ ժանդարմները քարավանից առանձնացրել ու տարել են շուրջ 850 հայ երիտասարդների, որոնցից այլևս լուր չի եղել: Այս խմբի մեջ են եղել նաև հուշագրի հորաքրոջ և հորեղբոր որդիները: 1915 թ. օգոստոսի 6-ին հասնելով Մուրադ գետի մոտ ժանդարմները քարավանից առանձնացրել են ևս 90-ի հասնող տղամարդկանց, ձեռքերը կապել և տարել, ասելով.
«…մեր զինւորները կը պատերազմին, դուք ալ եկէք, որ մեր արտերը հնձէք»: Տղամարդկանց այս խմբի մեջ են եղել Հայկանուշի ավագ եղբայրը՝ Երվանդը և հորեղբայրը: Մինչև ձերբակալելը ժանդարմները հավաքել են բոլոր տեսակի գործիքները՝ ուրագ, կացին, դանակ, սաթըր, ապա ավելացնում.
«քիրւտի կինէ մը լսեցինք, որ այդ գործիքներով ըսպաննած և փոսի մը մէջ լեցուցած են կիսամեռ, այնպէս որ հողով ծածկելէն վէրջը արիւնը հողին երեսը կ՚ելլէ եղեր, նման յորդած ջուրի»: Ջեզիրեն քարավանում մնացած քիչ թվով այրերի սպանդանոցն է դարձել:
Հուշագիրը վկայում է, որ տեղահանության ընթացքում կողոպուտը, խուզարկումներն ու սպանությունները գնալով ավելի ու ավելի էին սաստկանում, սակայն ամենասոսկալին երիտասարդ հարսների, աղջիկների ու երեխաների առևանգումներն էին.
«…արաբները սկսած են, հարսներ, աղջիկներ և տղաքներ բռնութեամբ ճամբայէն փախցունելով տանիլ, հեռու գիւղերէն կուգային անասուններով ժանտարմաները կաշառելով, անոնք ալ թոյլ կուտային ուզածնին ընել, տանելու անպատուելու և կամ բոլորովին իւրացնելու և կամ փափաքներուն յագուրդ տալէն վերջը լքելու կամ սպաննելու: Ահա այսպէս հասանք Մերսին»: Այսպես, Հայկանուշին ու նրա մորը հաջողվում է կաշառքի միջոցով հետ բերել գեղեցկադեմ, Հռիփսիմեան վարժանի դեռ նոր շրջանավարտ քրոջը՝ Սաթենիկին, որին առևանգել էին տեղի տաճիկները:
Մոսուլը վերջին գաղթակայանն է, որով հուշագիրն ավարտում է իր պատմությունը: Այստեղ Հայկանուշը կորցնում է նաև մորն ու երկու քույրերին՝ մնալով լրիվ մենակ: Հուշագիրն իր վերապրման պատմությունն ավարտում է հետևյալ տողերով.
«Ալ զրկուեցայ անուշ ծնողքէս, հոգեհատոր եղբայրներէս և քոյրերէս, մնալով անմխիթար և անօգնական … Միջագետքի անկիւնները աննշան և անքար մնացին քոյրերուս և մօրս գերեզմանները»:
Ցավոք, որևէ տեղեկություն չկա հուշագրի հետագա կյանքի, ինչպես նաև հուշագրությունը գրի առնելու թվականի մասին: Տիտղոսաթերթում հուշագրի մահվան վայրը Բաղդադ է նշված, որից կարելի է ենթադրել, որ Հայկանուշը կյանքի վերջին շրջանն անց է կացրել այնտեղ:
Հուշագրությունը 2009 թ. ՀՑԹԻ-ին է հանձնել դոկտ. Զօհրապ Նախշքէրեանը:
Սեդա Պարսամյան
ՀՑԹԻ գիտաշխատող, ցուցադրությունների կազմակերպման պատասխանատու
Էրզրումցի Թորոսյան ընտանիքը, 1900-ականներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
Էրզրումից տեղահանված հայերի քարավան
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, Վիկտոր Փիչմանի հավաքածու