2020 թ․ հունիսի 3-ին տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում էին նաև նորանշանակ անդամներ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ու Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը։
Հոգաբարձուների խորհրդում քննարկվեցին ՀՑԹԻ գործունեության և ֆոնդերի կառուցվածքային փոփոխությունների հետ կապված հարցերը, որոնց շուրջ իրենց մոտեցումները ներկայացրեցին ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը և գլխավոր ֆոնդապահ Գոհար Խանումյանը: Նշվեց նախկինում տեղ գտած թերացումների ու բացթողումների մասին, որոնք հանգեցրել են ֆոնդերի ոչ բարվոք վիճակին: Նշվեց, մասնավորապես, այն իրողությունը, որ 2007 թվականից ի վեր դադարեցվել էին Գլխավոր (մայր) գույքամատյանի գրանցումները, բացակայել են ֆոնդի հաշվառման, պահպանման և սպասարկման կարգերը, թանգարանը չի ունեցել ֆոնդային գնահատող հանձնաժողով, թանգարանային որևէ առարկա չի ունեցել գիտական վկայագիր (գիտական անձնագիր)։ Ֆոնդերի կառուցվածքային փոփոխությունները պատշաճ իրականացնելու համար որոշվեց, որ նախկինում առկա մասնագիտական թերություններն ու բացթողումները լրացնելու համար տնօրինությանը հանձնարարել հարցին առնչվող իրավական կողմը կարգի բերել երեք ամսվա ընթացքում, որից հետո հարցը քննարկելու համար արտահերթ նիստ հրավիրել և որոշել մասնագիտական աուդիտի հարցը։
Քննարկվեց նաև թանգարան-ինստիտուտի շենքային պայմանների հարցը, մասնավորապես, ջրահեռացման համակարգը բարելավելու և մի շարք այլ ընթացիկ խնդիրներ: