Փետրվարի 24-ին պաշտոնական այցով Հայաստան ժամանած Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Զինաիդա Գրեչանիի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի և Հայաստան-Մոլդովա բարեկամական խմբի ղեկավար Արմեն Փամբուխչյանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր։
Պատվիրակությանն ընդունեց և Հուշահամալիրի կառուցման պատմությունը ներկայացրեց ՀՑԹԻ էքսկուրսավար Լուսինե Թունյանը։
Հյուրերը ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը:
Մոլդովայից ժամանած պատվիրակությունը Զինաիդա Գրեչանիի գլխավորությամբ եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան ցուցադրությանը, այցի ավարտին Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի նախագահը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում.
«Հայերի ողբերգությունը չպետք է մոռացվի, քանի որ մոռացումը կարող է նշանակել նման հանցագործությունների կրկնության հնարավորություն ապագայում։
Հայտնում ենք խորին ցավակցություններս հայ ազգի հետ կատարված դրամայի համար։ Մենք մեր սրտին մոտ ենք ընդունում նրա ցավը և հարգում ենք զոհվածների հիշատակը։
Թո՛ղ Աստված, հանգստացնի մահացածների հոգիները և թող հանգչեն նրանք խաղաղությամբ»։