24.03.2010
Այս անտիպ լուսանկարներում պատկերված են 1920թ. կոտորածից և ավերումից հետո ավերակների վերածված Շուշի քաղաքի հայկական թաղամասի համայնապատկերը: Լուսանկարները արված են տարբեր դիրքերից. դրանցից մեկը պատկերում է Ղազանչեցոց Ս. Ամենափրկիչ եկեղեցին, որի շուրջը ճարտարապետական ուրույն կառույցներով հարուստ հայկական քաղաքի ավերված տներն ու շինություններն են, իսկ մյուսում` հրկիզված ու ավերված հայկական թաղամասի պատկերն է, որտեղ Կանաչ ժամ եկեղեցին է և Շուշի ճարտարապետությանը բնորոշ եռահարկ ու երկհարկ շենքերի ավերակները: Այս լուսանկարները տեղի ունեցած եղեռնագործության սարսափելի մասշտաբների բացառիկ վկայություններն են:
19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Շուշին Անդրկովկասի խոշոր քաղաքներից մեկն էր և նշանակալի դեր էր կատարում Արցախի հայության քաղաքական և մշակութային կյանքում: 1920թ. մարտի 23-ին մուսավաթականները` Խոսրով-բեկ Սուլթանովի ղեկավարությամբ, իրագործեցին Շուշիի հայաթափման իրենց վաղեմի ծրագիրը` կազմակերպելով տեղի հայության կոտորածն ու հայկական թաղամասի թալանն ու հրկիզումը: Այդ օրը քաղաքում գտնվող թաթարական զորաջոկատը, որին ավելի ուշ միացան նաև քաղաքի մահմեդականները, իրագործեցին շուրջ 10.000 հայերի կոտորածը, ինչպես նաև քաղաքի հայկական թաղամասի ավերն ու հրկիզումը: Սոսկալի կոտորածից կարողացան խուսափել միայն մի քանի հազար հայեր, որոնց հաջողվեց փախչել քաղաքից: Երբեմնի ծաղկուն քաղաքը, որի բնակչության կեսից ավելին կազմում էին հայերը, մոխրակույտերի վերածվեց: Այս եղերական օրվանից հետո Շուշիի ժողովրդագրական պատկերը կտրուկ փոխվեց և քաղաքը զրկվեց իր հայ բնակչությունից և ինքնությունից: Խորհրդային տարիներին Շուշին շարունակաբար ներկայացվում էր որպես ադրբեջանցի ժողովրդի պատմամշակութային կենտրոն:
1960-1970թթ. Հեյդար Ալիևի (Ադրբեջանական ԽՍՀ Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար 1969-1982թթ.) ջանքերով ոչնչացվեցին 1920թ. ողբերգության հետքերը` երբեմնի հայկական թաղամասի շինությունների կիսականգուն ավերակները, որոնք քաղաքում հայկական մշակութային ներկայության և տեղի ունեցած ողբերգության խոսուն վկայություններն են: