24.03.2022
Բանախոս՝ Քրիստինե Նաջարյան, ՀՑԹԻ կրթական ծրագրերի պատասխանատու
Թեմա՝ Ցեղասպանությունը մեկ հայի աչքերով
Դպրոց՝ Նոր Գեղիի Յուրի Երիցյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոց, 8-րդ դասարան
Ս. թ. մարտի 23-ին ՀՑԹԻ գիտաժողովների սրահում տեղի ունեցավ դպրոցականների համար մշակված կրթական ծրագրերի 2022 թ. հերթական հանդիպումը: ՀՑԹԻ կրթական ծրագրերի պատասխանատու Քրիստինե Նաջարյանն աշակերտներին ներկայացրեց «Ցեղասպանությունը մեկ հայի աչքերով» թեմայով դասախոսություն, որի ընթացքում անդրադարձ կատարվեց Հայոց ցեղասպանությունը վերապրած Սերոբ-Սրապ Մխիթարյանի կյանքի պատմությանը: Մխիթարյանի հուշագրությունը բացառիկ տեղեկություններ է հաղորդում հայերի հանդեպ գործադրված ոճրագործության, բռնությունների, գաղթի ամենաողբերգական դրսևորումների, անասելի ցավի և այս ամենից զատ ապագայի հանդեպ հավատի ու վերապրումի վերաբերյալ:
Այնուհետև աշակերտներից մի քանիսը ներկայացրեցին իրենց ընտանեկան պատմությունները: Աշակերտների աշխատանքը համակարգել էր Նոր Գեղիի Յուրի Երիցյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանի պատմության ուսուցչուհի Անժելա Պետրոսյանը:
Հայկ Հակոբյանը ներկայացրեց մորական տատի՝ Սաթենիկ Սահակյանի պատմությունը: Նա նշեց, որ Սերոբ Աղբյուրն իր մորական տատի քեռին է եղել:
Ալեքս Զեյթունյանը ներկայացրեց իր հայրական պապի հոր՝ Հակոբ Զեյթունցյանի պատմությունը: Նա նշեց, որ նշանավոր արձակագիր, դրամատուրգ Պերճ Զեյթունցյանը Հակոբ Զեյթունցյանի հորեղբոր որդին է եղել: Ալեքսը ներկաներին պատմեց նաև 1876 թ. մկրատի մասին, որը նրա Կարինե տատը վերցրել է իր հետ և հասցրել մինչև Հայաստան: Այն այժմ որպես ընտանեկան մասունք պահվում է Զեյթունյանների տանը:
Իրենց պատմությունները ներկայացրեցին նաև Էմմա Ամիրջանյանը, Սուսաննա Խուդոյանը և Ռիտա Հայրապետյանը:
Դասախոսությունն ավարտվեց հարցուպատասխանով: Այնուհետև ՀՑԹԻ կրթական ծրագրերի պատասխանատու Քրիստինե Նաջարյանը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի անունից գրքեր նվիրեց Նոր Գեղիի Յուրի Երիցյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի գրադարանին:
Կրթական ծրագրի շրջանակներում դպրոցականները շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանի ցուցասրահներով և ծանոթացան թանգարանային ցուցադրություններին: