24.03.2023
ՌԴ Մուրմանսկի շրջանի նահանգապետ Անդրեյ Չիբիսի գլխավորած պատվիրակությունը մարտի 24-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի ուղեկցությամբ:
Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:
ՌԴ-ից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակը:
Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո պարոն Անդրեյ Չիբիսը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում: