24.04.09
Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օրն է: Այս տարի լրանում է ապրիլի 24-ը` որպես Մեծ Եղեռնի զոհերի ոգեկոչման օր նշելու 90-ամյակը: 1919թ. մարտին Հայոց ցեղասպանությունը վերապրած արևմտահայ մի խումբ մտավորականների նախաձեռնությամբ Կ. Պոլսում ստեղծվեց հատուկ հանձնաժողով, որի գլխավոր նպատակը Մեծ Եղեռնի զոհերի չորրորդ տարելիցի կապակցությամբ հիշատակի միջոցառումների կազմակերպումն էր: Հենց այս մտավորականների համառ ջանքերի շնորհիվ էր, որ պոլսահայ իրականության մեջ առաջին անգամ մեծ հանդիսավորությամբ ոգեկոչվեց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը: Եվ երկու տարի անց, 1921թ. Ամենայն հայոց կաթողիկոսը հատուկ կոնդակով Կ. Պոլսի Հայոց պատրիարքին հաղորդում է ապրիլի 11-ը(24) համազգային սգո օր սահմանելու մասին:
Եվ մինչև այսօր ամեն տարի վաղ առավոտվանից հարյուր հազարավոր հայեր Հայաստանից և սփյուռքից այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հիշատակելու համար 94 տարի առաջ Հայոց ցեղասպանության ընթացքում սպանված հայերի հիշատակը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին II, խորհրդարանի և կառավարության անդամները, դիվանագետներն առաջին այցելուների շարքերում էին: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին I-ի կատարեց հոգեհանգստյան արարողություն Հայոց ցեղասպանության զոհերի լույս հոգիների հանգստության համար: