23.04.2010
Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնադրման 15-ամյակը: 1995թ. ապրիլին բացվեց թանգարանի մշտական ցուցադրությունը: Թանգարանի տասնհինգամյա գործունեությունն ուղղվել է Հայոց ցեղասպանության մասին իրազեկության բարձրացմանը, ինչն էլ իր հերթին մեծապես նպաստում է ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործընթացին: Այս տարիների ընթացքում թանգարանը շարունակում է իր առաքելությունը, այն է` Հայոց ցեղասպանության հիմնախնդիրների գիտական հետազոտություն ու թանգարանային մշտական և ժամանակավոր ցուցադրությունների միջոցով ցեղասպանության պատմության ներկայացումը հայ և օտար հանրությանը:
Թանգարան-ինստիտուտի գործունեության հիմնական ուղղություններից է Հայոց ցեղասպանության պատմական հետազոտությունը, Օսմանյան կայսրությունում արևմտահայերի կյանքին վերաբերող գրականության, լուսանկարային նյութի, փաստաթղթերի և այլ վավերագրերի հավաքչական աշխատանքի կազմակերպումը: Հատկապես վերջին տարիների ընթացքում հաստատության ֆոնդերն ու գրադարանը համալրվել են արժեքավոր ու բացառիկ հավաքածուներով, այդ թվում` միսիոներներ Յակոբ Կյունցլերի, Բոդիլ Բյորնի, Բերթա Մորլիի անձնական հավաքածուները, Վարդգես Միքայելյանի, Մկրտիչ Ներսիսյանի անձնական գրադարանները, Անահիտ Ասիլյանի ձեռագործների հավաքածուն: Իրականացվող այս աշխատանքներում իրենց նպաստն են բերել Վարուժան Սալաթյանը, Զավեն Մսրլյանը, Ռութ Թովմասյանը, Պատրիս Ճոլոլյանը, Տիգրան Քալաջյանը, Ջեւան Չելոյանցը, Ռալֆ Յիրիկյանը, Յուսսի Բյորնը, ՀԲԸՄ-ն և ՀՅԴ Բյուրոյի գրադարանը և թանգարանը:
1995-2010թթ. ընթացքում թանգարան-ինստիտուտի գրադարանային ֆոնդը համալրվել է շուրջ 10000 կտոր հայերեն ու այլալեզու գրականությամբ: Նվիրատվությունների ու թանգարանի կատարած գնումների շնորհիվ գրադարանի հնատիպ գրականության ֆոնդը ներկայումս բաղկացած է շուրջ 1600 անուն արժեքավոր գրքերից, որոնց մի մասը ձեռք է բերվել ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի աջակցությամբ: Ֆոնդային արժեքավոր միավորներով են համալրվել տպագիր ու ձեռագիր օրագրերի, արտասահմանյան մամուլի ֆոնդերը: Թանգարանի ֆոնդերում գրանցված ֆոնդային միավորների թիվը 2010թ. դրությամբ անցնում է 60000-ը:
Այս աշխատանքի արդյունքում թանգարանի մշտական ցուցադրության մեջ կատարվում են մասնակի փոփոխություններ, կազմակերպվել են մի քանի ժամանակավոր ցուցադրություններ: Թանգարանում մշտապես կազմակերպվում են դասախոսություններ, քննարկումներ, տեղի են ունենում շնորհանդեսներ: Տարիների ընթացքում հրատարակվել են ինչպես տեղացի, այնպես էլ արտերկրի մասնագետների հեղինակած մի քանի տասնյակ գրքեր: Նոր նյութերը, ինչպես նաև թանգարան և հուշահամալիր կատարված պաշտոնական այցերի մասին տեղեկատվությունը զետեղվում է թանգարանի կայքէջում, որը ներկայացված է հայերեն, անգլերեն, ռուսերեն և թուրքերեն լեզուներով:
15 տարիների ընթացքում Հայոց ցեղասպանության թանգարան են այցելել միլիոնավոր այցելուներ, այդ թվում` դպրոցականներ, ուսանողներ, տարբեր երկրներից ժամանած զբոսաշրջիկներ: Միայն 2005-2010թթ. ընթացքում Հայոց ցեղասպանության թանգարան է այցելել ավելի քան մեկ միլիոն այցելու, այդ թվում` աշխարհի շուրջ 100 երկրներից ժամանած օտարերկրացիներ: Պետական արարողակարգով այցելությունը Հայոց ցեղասպանության թանգարան նախատեսված է նաև Հայաստան ժամանած պաշտոնական պատվիրակությունների համար: Նշված ժամանակահատվածում Մեծ եղեռնի հուշահամալիր և թանգարան են այցելել Հայաստան ժամանած հարյուրավոր պաշտոնական պատվիրակություններ, այդ թվում` նախագահներ (Ֆրանսիա, Լիբանան, Ռուսաստան, Ուկրաինա, Բելոռուս, Վրաստան, Լեհաստան, Ֆինլանդիա, Լիտվա, Լատվիա, Ռումինիա, Ֆրանսիա, Հունաստան, Խորվաթիա, Վրաստան, Սերբիա, Կիպրոս ևն), կառավարությունների ղեկավարներ, անդամներ, պառլամենտների ղեկավարներ, պատգամավորներ, միջազգային կազմակերպությունների անդամներ և այլք: Թանգարանի հարակից տարածքում հիմնվել է «Հիշողության պուրակ», որտեղ արտասահմանյան պատվիրակությունների անդամները Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին եղևնիներ են տնկել: