24.04.2016
Ապրիլի 24-ին առաջինը Հայոց ցեղասպանության թանգարան այցելեցին «ԱՎՐՈՐԱ» մրցանակաբաշխության հիմնադիրները, մասնակիցները, հյուրերն ու ֆինալիստները:
Գրեթե բոլորը առաջին անգամ էին այստեղ: AuroraPrize-ի ընտրող հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունիին, նախագծի հիմնադիրներ Ռուբեն Վարդանյանին, Վերոնիկա Զոնաբենդին, Մարինա Ալլեսին, «ԱՎՐՈՐԱ» մրցանակաբաշխության չորս ֆինալիստներին և նրանց մի քանի տասնյակ հյուրերին աշխարհի բազմաթիվ երկրներից Հայոց ցեղասպանության թանգարանում ուղեկցեց ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը:
Նա առաջին հերթին ներկայացրեց թանգարանի հիմնական ցուցադրությունը, անդրադարձավ Հայոց ցեղասպանության պատմական դրվագներին, մանրամասներին, մարդկանց և իրադարձություններին:
Այնուհետև, Հայկ Դեմոյանը մարդասիրական ոլորտի առաջատարներին ներկայացրեց ՀՑԹԻ նոր ցուցադրությունը: «Ավրորայի ճանապարհը. Հայոց ցեղասպանությունը վերապրածի ոդիսականը» խորագրի ներքո ցուցադրված են Ավրորա Մարդիգանյանին պատկանող անձնական իրեր, լուսանկարներ, «Հոգիների աճուրդ» ֆիլմի բնօրինակ ազդագրեր, նրա կյանքի պատմությունը նկարագրող գրքի տարբեր հրատարակություններ: Հայոց ցեղասպանության թանգարանի հավաքածուն անցյալ տարի համալրվել է նաև Ավրորա Մարդիգանյանի ճամպրուկով, որը նրա հետ է եղել ԱՄՆ մեծ քաղաքներում ճամփորդելիս և իր հուշերի հիման վրա նկարահանված ֆիլմը ցուցադրելիս:
Անվանի հյուրերը թանգարանի շրջայցից հետո եղան Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, որտեղ հանրապետության ղեկավարի, հայոց հայրապետի, լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրի հետ ծաղիկներ խոնարհեցին և հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին: