24.04.2017
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ խորհրդարանի և կառավարության անդամներ այսօր այցելեցին Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Հարգանքի տուրք մատուցելով անմեղ նահատակների հիշատակին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն աղոթք կարդաց Հայոց ցեղասպանության զոհերի հոգիների հանգստության համար:
Իրենց հարգանքի տուրքն են մատուցել նաև օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչները, Զինված ուժերի բարձրագույն սպայակազմը, քաղաքական գործիչներ, մտավորականներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, հայրենակցական միությունների, հասարակական կազմակերպությունների անդամներ:
Հուշահամալիր այցելությունից հետո ՀՀ Նախագահի գլխավորությամբ պատվիրակության անդամներն այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը հյուրերին ներկայացրեց այսօր բացված ժամանակավոր ցուցադրության՝ ՀՀ անկախության 25-ամյակին և Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման 50-ամյակին նվիրված բացառիկ ցուցանմուշներ:
Շրջայցից հետո ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը ՀՀ Նախագահին նվիրեց ՀՑԹԻ կողմից թողարկված հուշամեդալների հավաքածու և ՀՑԹԻ 2006-2016թթ. գործունեության պատկերազարդ հաշվետվություն:
Այս հաշվետվությունը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աշխատակազմի կատարած աշխատանքի 10 տարիների ամփոփումն է, որտեղ փաստերով և թվերով ներկայացված է, թե ինչպես լոկալ հայաստանյան թանգարանը վերածվեց միջազգային հեղինակություն և կարևորություն ունեցող ոչ միայն թանգարանային, այլև գիտահետազոտական կենտրոնի: Նման պատկերազարդ հաշվետվությունների հրատարակումը ավանդույթ է համաշխարհային նշակություն ունեցող հաստատությունների համար: