24.04.2025
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցեցին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ ԱԺ պատգամավորները, կառավարության անդամները, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները և այլք:
Բարձրաստիճան պաշտոնյաները ծաղկեպսակներ և ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը:
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ ԱԺ պատգամավորները, կառավարության անդամներն այցելեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ ՀՑԹԻ-ի տնօրեն Էդիտա Գզոյանի ուղեկցությամբ ծանոթացան Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ բացված «Փաստագրելով հանցագործությունը. Հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները» խորագրով ժամանակավոր ցուցադրությանը: