24.05.2023
2023 թ. մայիսի 11-ից 13-ը Կապոդիստրիայի անվան Աթենքի ազգային համալսարանում (Թուրքագիտության և ժամանակակից ասիական ուսումնասիրությունների ամբիոն) տեղի է ունեցել եռօրյա միջազգային գիտաժողով՝
«Զմյուռնիան՝ որպես խորհրդանիշ. 19-րդ դարից մինչև 1922 թ. սեպտեմբեր» խորագրով:
Գիտաժողովին մասնակցել է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի ավագ գիտական աշխատող, պ.գ.թ. Թեհմինե Մարտոյանը՝ ներկայացնելով
«Զմյուռնիայից Միտիլինի. Մկրտիչ Ավետյանի վերապրման պատմությունը» խորագրով զեկուցումը:
Գիտաժողովի կազմկոմիտեի անդամները (Էմիլիա Թեմոպուլու, Հերվե Ժորժըլեն, Էֆի Կաններ), ողջունելով մասնակիցներին, բարի ընթացք են մաղթել: Գիտաժողովի բացմանը ողջույնի խոսքով են հանդես եկել համալսարանի ռեկտոր Մելետիոս-Աթանասիոս Դիմոպուլոսը, Տնտեսագիտության և քաղաքագիտության ամբիոնի դեկան Նիկոլաոս Իրիոտիսը, Թուրքագիտության և ժամանակակից ասիական ուսումնասիրությունների ամբիոնի ղեկավար Էլենի Սելլան, Նոր Զմյուռնիայի փոխքաղաքապետ Կլերի Դելիյաննին:
Առաջին օրվա հիմնական զեկուցողը պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Ռայմոնդ Գևորգյանն է եղել: Գումարվել է չորս նիստ. զեկուցումներով հանդես է եկել 16 հետազոտող: Գիտաժողովի երկրորդ օրը գումարվել է չորս նիստ՝ 14 զեկուցողի մասնակցությամբ: Հիմնական զեկուցողը Փարիզի հասարակական գիտությունների բարձրագույն դպրոցի պրոֆեսոր Համիտ Բոզարսլանն է եղել: Գիտաժողովի երրորդ օրը մեկ նիստ է գումարվել՝ 4 զեկուցողի մասնակցությամբ:
Գիտաժողովին մասնակցել է ցեղասպանագիտության և հարակից ոլորտների շուրջ քառասուն մասնագետ Հունաստանից, Հայաստանից, Ֆրանսիայից, Կիպրոսից, ԱՄՆ-ից, Թուրքիայից, Ռումինիայից, Շվեդիայից և Գերմանիայից:
Հարցուպատասխանի և քննարկումների ավարտից հետո Թուրքագիտության և ժամանակակից ասիական ուսումնասիրությունների ամբիոնի դասախոս, Կապոդիստրիայի անվան Աթենքի ազգային համալսարանի պրոֆեսոր Հերվե Ժորժըլենն ամփոփել է գիտաժողովի արդյունքները: Ժորժըլենը երախտագիտություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն ունեցան գիտաժողովի կազմակերպման և անցկացման կարևոր գործում։