24.07.2015
Բելգիայի Ներկայացուցիչների պալատը ձայների գերակշռող մեծամասնությամբ ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևը: Ներկայացուցիչների պալատի անդամներից 124-ը կողմ են քվեարկել բանաձևին, իսկ 8-ը ձեռնպահ են մնացել: Հուլիսի 22-ին Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում բանաձևի քննարկման ժամանակ ժխտողական ելույթներ ու տեսակետներ չէին հնչել, բոլոր ելույթ ունեցողներն էլ ընդունել էին, որ 20-րդ դարասկզբին հայերի դեմ կատարվածը ցեղասպանություն էր:
Բելգիայի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հուլիսի 7-ին կողմ էր քվեարկել Բելգիայի կառավարության` Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի նախագծին` այն փոխանցելով Ներկայացուցիչների պալատի քննարկմանը: Այն կոչ է անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Բանաձևը նաև հայ և թուրք ժողովուրդներին` «համընդհանուր պայծառ ապագայի հույսով» հաշտեցման կոչ է պարունակում: Բելգիայի վարչապետ Չարլզ Միշելը հունիսի 18-ին Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում կառավարության և իր անունից ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Բելգիայի խորհրդարանը 1998 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել Վերին պալատի (Սենատի) մակարդակով: