24.08.2022
Մոտ երկու տարի է, ինչ Արցախի Հանրապետության մի մասն անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո՝ 2020 թ․ սեպտեմբերին վերջինիս
սանձազերծած պատերազմի հետևանքով։ Մինչ օրս հայությունն ու միջազգային հանրությունը պարբերաբար ականատես են լինում Արցախի պատմամշակութային ժառանգության
պղծմանն ու ոչնչացմանը, իսկ որոշ դեպքերում նաև դրանց աղվանականացման ու այլ խեղաթյուրումների
[2] փորձերին:
2022 թվականը ևս ետ չի մնում նախորդ՝ 2020 և 2021 թվականներից՝ ադրբեջանական վանդալական գործողությունների հետևանքներով։ Մասնավորապես, տարին սկսվեց այն
լուրով, որ ադրբեջանական կողմը «Կովկասյան Աղվանքի պատմությունն ու ճարտարապետությունն ուսումնասիրող մասնագետներից բաղկացած խումբ է ստեղծել՝
աղվանական կրոնական տաճարների վրայից հեռացնելու հայերի կողմից գրված [թողած] հետքերը», ինչի մասին ս․թ․ փետրվարի 3-ին հայտարարել էր Ադրբեջանի մշակույթի
նախարար Անար Քարիմովը
[3]:
Դրանից հետո պարբերաբար ականատես ենք լինում հայկական եկեղեցիների, խաչքարերի, գերեզմանների պղծմանն ու ոչնչացմանը կամ բախվում դրանց սպառնալիքին։
Ինչպես տեղեկացնում է
war.karabakhrecords.info կայքը, սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում 2022 թ․ հունվարի 8-ին տարածված տեսանյութից պարզ է դառնում,
որ ադրբեջանցիները հանել են Հադրութի շրջանի Վանք գյուղի Սպիտակ Խաչ եկեղեցու խաչը: Վերանորոգման քողի տակ քանդել են տանիքը։ Եկեղեցին հանրությանը
ներկայացվում է որպես ուդիական եկեղեցի
[4]: «Ինժեներական» աշխատանքներ են տարվում նաև հայկական միջնադարյան գերեզմանոցի
տարածքում․ Փառուխում ադրբեջանական կողմը քանդել է հայկական հին գերեզմանոցները՝ հանված ոսկորների պատկանելությունը վերագրելով «Խոջալուի զոհերին», թեև
ակնհայտ է, որ աճյունները դարեր առաջ են հուղարկավորվել
[5]:
Հայկական եկեղեցիներում ուդիները շարունակում են անցկացնել կրոնական ծեսեր։ Ս․ թ․ ապրիլի 14-ին Ադրբեջանի կրոնական կազմակերպությունների հետ տարվող
աշխատանքի պետական կոմիտեն Սուրբ Հարության տոնին ընդառաջ կազմակերպել էր Ադրբեջանում գործող քրիստոնեական տարբեր համայնքների և կազմակերպությունների
կրոնական ներկայացուցիչների այցը բռնազավթված Հադրութի շրջանի Ծակուռիի Սբ Աստվածածին և Տողի Սբ Հովհաննես եկեղեցիներ, որոնք կրկին ներկայացվել են
աղվանական
[6], իսկ մայիսի 9-ին արդեն «աղվանա-ուդիական» քրիստոնեական կրոնական համայնք»-ի ներկայացուցիչներն այցելել են
Դադիվանքի վանական համալիր՝ նշելով Սուրբ Զատկիկը, բնականաբար, եկեղեցին ներկայացնելով ուդիական
[7]:
2022 թ․ մայիսի 8-ին վանդալիզմի է ենթարկվել Ադրբեջանի օկուպացրած Մատաղիս գյուղի մատուռը, ինչպես նաև շրջակայքի խաչքարերը, որոնք կանգնեցվել էին
«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» կազմակերպության անդամների ջանքերով։ Սրբատեղին կրում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունը։
Այն պետք է ծառայեր ինչպես հավատավոր զինվորականներին, այնպես էլ բնակիչներին
[8]: Ս․ թ․ մայիսի 8-ին տելեգրամյան օգտատերերից մեկը
տեսանյութ և լուսանկարներ է տարածում, որտեղ երևում են, թե ինչպես է ադրբեջանական կողմը Ազոխ գյուղում գրաֆիտիներով պղծում Հայրենական և Արցախյան առաջին
պատերազմների զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը՝ խախտելով ժառանգության ամբողջականության և իսկության միջազգայնորեն ընդունված սկզբունքները
[9]:
Նույն օգտատերը մայիսի 14-ին տարածում է այլ տեսանյութ, որը ցույց է տալիս Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի Մանկավարժների պուրակի
[10]
ոչնչացված պատկերը
[11], ինչպես նաև մեկ այլ տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է ԽՍՀՄ հերոս, ծնունդով
Մեծ Թաղեր գյուղից մարշալ Արմենակ Խանփերյանցի «ՄիԳ-17» կործանիչը վանդալիզմի ենթարկվում
[12]:
Ադրբեջանական կողմը Արցախյան երկրորդ պատերազմից (44-օրյա պատերազմ) հետո անցել էր Շուշիի Սբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու «վերականգնմանը», ասել է թե՝
հայկական հետքի իսպառ վերացմանը։ Ինչպես տեղեկացնում է
Monument Watch-ը, 2022 թ․ մայիսի 22-ին
Armenian Military Portal տելեգրամյան ալիքի հրապարակած տեսանյութում
երևում է, որ Սբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու տանիքի որոշ հատվածների վրա բավական խիտ խոտածածկույթ է աճել, պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմի
ռմբահարումների հետևանքով եղած վնասները և փլուզումները վերացված չեն, իսկ ամբողջ շրջակայքը բարձիթողի է մնացել։ Մինչ այդ ադրբեջանական կողմը եկեղեցին
մաքրել էր փլված քարերի կույտերից, տաճարի շուրջը տախտակներ կանգնեցրել, քանդել եկեղեցու վեղարը, մաքրել ներկերով արված գրությունները, ավերել բակի
շրջապարիսպը, դարպասները և ոչնչացրել խաչքարերը
[13]:
Շուշիի Սբ Հովհաննես Մկրտիչ կամ Կանաչ ժամ եկեղեցին ևս աղվանականացման թիրախներից է։ Ս․թ․ հունիսի 29-ին ֆեյսբուքյան հարթակում տարածված լուսանկարները
հավաստում են եկեղեցու ավերման մասին․ քանդված է գմբեթը, վնասված են սուրբ խորանն ու սեղանը, ջարդուփշուր են արված մոմավառության համար նախատեսված
մոմակալները, իսկ եկեղեցու քարերն աղբակույտի են վերածված
[14]:
Մինչ այդ՝ Հայաստանի առաջին հանրապետության անկախությանը օրը՝ մայիսի 28-ին կրկին տեսանյութ է տարածվում, որտեղ երևում է, թե ինչպես են Ավետարանոց
գյուղում ադրբեջանցիները ոչնչացնում Հայրենական մեծ պատերազմի հայ հերոսներին նվիրված հուշարձանը
[15]:Այդ մասին տելեգրամյան իր
ալիքում գրառում է կատարում Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը․ «Ավետարանոց գյուղում Հայրենական Մեծ պատերազմի հայ հերոսների հուշարձանի ոչնչացումը
հանցագործություն է ոչ միայն հայերի, այլև ԽՍՀՄ իրավահաջորդ Ռուսաստանի դեմ»
[16]:
Վերջին պատերազմից հետո ադրբեջանական պետական և գիտական շրջանակներն ավելի մեծ թափով են աշխատում Արցախի հայկական մշակութային ժառանգությունն
ադրբեջանական ներկայացնելու ուղղությամբ։ Վերջերս Ադրբեջանի մշակույթի նախարարությանը կից մշակութային ժառանգության պաշտպանության, զարգացման և
վերականգնման պետական ծառայությունը ստեղծել է նոր կայք (heritage.gov.az), որն իբր համաշխարհային հանրությանը ներկայացնում է ադրբեջանական հուշարձանների դեմ
«հայկական կողմի վանդալիզմը»։ Բացի այդ՝ պարբերաբար տպագրվում են գրքեր Լեռնային Ղարաբաղի «ադրբեջանական մշակութային ժառանագության» մասին․ այս ամենն
արվում է տեղեկատվական պատերազմի համար, և ինչպես նշում է Ադրբեջանի մշակույթի նախարարը, հանրությանը ներկայացնելու «ճշմարտությունը»
[17]:
Հավելենք, որ ստեղծվել է նաև ադրբեջանական լրատվություն տարածող հայալեզու ադրբեջանական կայք (Armenia.az), որն առանձին թեմատիկայով տեղեկատվություն է
հաղորդում նաև Ղարաբաղի մասին։ Ադրբեջանական կողմն իր կեղծ թեզերը տարածում է նաև այլ պետություններում, ինչպես, օրինակ, ս․թ․ հուլիսի 5-ին
CBC TV Azerbaijan
հեռուստաալիքի հեռարձակած տեսանյութը (Հունաստանում Ադրբեջանի դեսպանությունն այն տարածել է հունարեն թարգմանությամբ)՝ Արցախի Մեհմանա գյուղի և նրա
պատմամշակութային ժառանգության վերաբերյալ, որտեղ աղավաղված են բոլոր փաստերը։ Այս ամենին անմիջապես արձագանքում է Հունաստանում ՀՀ դեսպանությունը (
http: https://www.facebook.com/armembgr/posts/pfbid02YDTeyq9kBxTdXTjHYAUoRKjhR3RmrAoU7cyw9xsMK9cW4p5tSKnMBjx9qfwoqYL4l)։
Հայկական մշակութային ժառանգության դեմ կատարվող այս գործողություններին իրենց ուրույն մասնակցությունն են ունենում ուդիական համայնքի ղեկավարները։
Մասնավորապես, ս․թ․ փետրվարի 9-ին Ադրբեջանի «աղվանա-ուդիական» քրիստոնեական կրոնական համայնքը հայտարարություն է տարածում՝ կապված
«ազատագրված տարածքներում գտնվող աղվանական եկեղեցիների» հետ, նշելով, որ իբր 1836 թվականից հետո Հայ առաքելական եկեղեցին փորձել է տիրանալ Աղվանքի
նյութական և հոգևոր ժառանգությանը, հայկականացրել «պատմական աղվանական տաճարների մեծ մասը և կեղծել արխիվային նյութերն ու փաստաթղթերը»։
Մեղադրանք էր հնչում ՀՀ հասցեին՝ իբր աղվանական տաճարների ճարտարապետությունն այլափոխելու կամ ոչնչացնելու համար
[18]:
Մեղադրանք է հնչում այնպիսի գործողությունների համար, որոնք ադրբեջանական կողմն է կատարում Լեռնային Ղարաբաղի հայկական եկեղեցիների դեմ՝ ուդիների աջակցությամբ։
2022 թ․ Ադրբեջանում ավելացել է հոգևոր գործունեություն ծավալելու համար ուդիներին տրամադրվող ֆինանսական աջակցության չափը՝ գուցե նրանց ավելի խանդավառելու
հայկական հուշարձանների աղվանականացման գործում։
Ադրեջանի նախագահը, համաձայն Ադրբեջանի սահմանադրության 109-րդ հոդվածի 32-րդ կետի, որոշել է 2022 թ․ պահուստային ֆոնդից մեկ միլիոն մանաթ հատկացնել
Կովկասի մահմեդականների վարչությանը, իսկ մնացյալ կրոնական ուղղություններից յուրաքանչյուրին` 350 000-ական մանաթ (Ռուս ուղղափառ եկեղեցու Բաքվի և Ադրբեջանի
թեմի կրոնական համայնքին, Բաքու քաղաքի լեռնային հրեաների կրոնական համայնքին, Բաքվում Եվրոպայի հրեաների կրոնական համայնքներին, կաթոլիկ եկեղեցու
առաքելական պրեֆեկտուրայի կրոնական կազմակերպությանը, ինչպես նաև «աղվանա-ուդիական» քրիստոնեական կրոնական համայնքին)
[19],
մինչդեռ նախորդ տարի «աղվանա-ուդիական», Եվրոպայի հրեաների համայնքներին և Բաքվի կաթոլիկ եկեղեցուն հատկացվել էր 150 000-ական մանաթ (88 200 դոլար),
2 000 000 մանաթ (1,18 միլիոն դոլար)` մահմեդական համայնքներին, և 350 000-ական մանաթ (206 000 դոլար)՝ Ռուս ուղղափառ եկեղեցու Բաքվի թեմին և լեռնային հրեաների
կրոնական համայնքին
[20]:
Հաշվի առնելով վերը բերված օրինակները և վերջին տարիների ադրբեջանական փորձը, այսօր առկա է մեկ այլ սպառնալիք ևս՝ Բերձոր, Սուս և Աղավնո համայնքների
եկեղեցիների, հուշարձանների, թանգարանային ցուցանմուշների դեմ, քանի որ այդ տարածքները շուտով ևս անցնելու են ադրբեջանական վերահսկողության տակ։
Մոտ երկու շաբաթ է, ինչ համացանցում լուրեր են տարածվում այն մասին, որ ադրբեջանական հասարակական մի կազմակերպություն Բերձորի Սբ Համբարձում եկեղեցին մզկիթի
վերածելու նախագիծ է առաջարկել
[21],իսկ դա, և առհասարակ հայկական հուշարձանների պղծումն ու ավերումը, ադրբեջանական կողմն
արդարացնում է՝ հայերին մեղադրելով «ադրբեջանական» տարածքներում ապօրինի շինարարական աշխատանքներ կատարելու մեջ, որոնք պետք է քանդվեն կամ բերվեն
սկզբնական տեսքի
[22]:Իսկ սկզբանական տեսքն, ըստ ադրբեջանական կողմի, նշանակում է պատմամշակութային կոթողներ առանց
հայկականության հետքի։ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական հանցագործությունների և հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին հայտարարություն է
տարածել նաև Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը։ Մեջբերենք մեկ հատված․ «Այս նոր ակնհայտ վայրագության ի հայտ գալով՝ Ցեղասպանության
կանխարգելման Լեմկինի ինստիտուտը կրկին կարմիր դրոշով ահազանգ է հրապարակում Ադրբեջանի համար՝ նախազգուշացնելով հայերին սպառնացող ցեղասպանության մասին,
ինչպես անջատ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում (Արցախ), այնպես էլ Հայաստանում: Գերեզմանների և այլ թաղման վայրերի պղծումը սովորաբար ցեղասպանության
ժամանակ կատարվող վայրագություն է, քանի որ այն ձգտում է թիրախավորել, նվաստացնել, ոչնչացնել ինքնությունը և ժխտել թիրախային խմբի արժանապատվությունն
անգամ մահից հետո․․․․ Մենք կոչ ենք անում միջազգային և պետական բոլոր մարմիններին դիտարկել Թուրքիայի և Ադրբեջանի ցեղասպան գաղափարախոսությունն ու
գործելակերպը, ճնշում գործադրել Թուրքիայի և Ադրբեջանի վրա՝ դադարեցնելու հայ ժողովրդի դեմ ուղղված ցեղասպան սպառնալիքները և ամրապնդելու հայերի և հայկական
ինքնության անվտանգությունը Հայաստանի Հանրապետությունում, Արցախի Հանրապետությունում և աշխարհասփյուռ հայկական համայնքներում»
[23]:
Վերը բերված վանդալական բոլոր գործողությունները, որ ադրբեջանական կողմն է կատարել և կատարում, էթնոցիդ (ազգասպանություն) է հայ ժողովրդի հնագույն պատմական
տարածքում։ Միջազգային բազմաթիվ կոնվենցիաներով արգելված է մշակութային հուշարձանների պղծումը, ոչնչացումը, յուրացումը, նախնական տեսքի աղավաղումը և
վանդալական այլ գործողությունները։
Կրկին հիշեցնում ենք, որ, համաձայն 1954 թ․ Հաագայի կոնվենցիայի երկրորդ արձանագրության (Հաագա, 26 մարտի 1999 թ.) 9-րդ հոդվածի (Մշակութային արժեքների
պաշտպանությունը բռնազավթված տարածքներում) դրույթների
[24],մի կողմի տարածքն ամբողջովին կամ մասնակիորեն բռնազավթած կողմը
բռնազավթված տարածքի առնչությամբ արգելում կամ կանխում է մշակութային արժեքի ցանկացած անօրինական արտահանումը, տեղափոխումը կամ սեփականության իրավունքի
փոխանցումը, ինչպես նաև մշակութային արժեքի ցանկացած այլափոխումը, դրա օգտագործման ձևի փոփոխությունը, որոնք նպատակ ունեն թաքցնելու կամ ոչնչացնելու
մշակութային, պատմական կամ գիտական վկայությունները:
1991 թվականից ի վեր Ադրբեջանը, բացի վերանշյալ կոնվենցիայից, միացել է նաև մի շարք այլ կոնվենցիաների (Մշակութային արժեքների ապօրինի ներմուծման,
արտահանման և սեփականության իրավունքի փոխանցման արգելման և կանխարգելման միջոցների մասին կոնվենցիա (25 օգոստոսի 1999 թ․), Համաշխարհային մշակութային
և բնական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիա (16 դեկտեբերի 1993 թ․), Կոնվենցիա՝ Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության
մասին կոնվենցիայի կատարման կանոնակարգով (1993 թ․ սեպտեմբեր 20) և այլն), որոնցով պարտավորված է պահպանել մշակութային հուշարձանները ինչպես խաղաղ,
այնպես էլ զինված հակամարտության ժամանակ և զերծ մնալ դրանց պղծումից, աղավաղումից, ոչնչացումից կամ յուրացումից։
Շուշիի Սբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո
Նկարը՝ Monument Watch-ի կայքէջից
Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին
Նկարը՝ Monument Watch-ի կայքէջից
Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին
Նկարը՝ Monument Watch-ի կայքէջից
Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին
Նկարը՝ Monument Watch-ի կայքէջից
Caucasus Heritage Watch, Monitoring Report N 3, December 2021
Caucasus Heritage Watch, Ongoing Results of Monitoring of Artsakh’s Cultural Heritage as of 19 August 2022
Caucasus Heritage Watch Monitoring Site Types of Artsakh as of 19 August 2022
Հայաստան Մարտիրոսյան
ՀՑԹԻ Արցախի, Նախիջևանի և Ադրբեջանի հայության բռնաճնշումների ուսումնասիրության բաժնի կրտսեր գիտաշխատող
Ծանոթագրություններ
[1] Այսօր «մշակութային ցեղասպանություն» եզրույթն ավելի հաճախ փոխարինվում է «ethnocide» (էթնոցիդ՝ ազգասպանություն) եզրով կամ
նույնացվում դրա հետ: 1981 թ. Սան Խոսեում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ընդունած հռչակագրով՝ «էթնոցիդ»-ը կամ «մշակութային ցեղասպանություն»-ը՝ որպես ցեղասպանությանը համարժեք
երևույթ, դատապարտվում է՝ բնորոշվելով միջազգային իրավունքի խախտում։
«Էթնոցիդ»-ը, ըստ ցեղասպանագետ Իսրայել Չառնիի սահմանման, էթնիկական, ազգային, կրոնական կամ այլ խմբի մշակույթի դիտավորյալ ոչնչացումն է,
և պարտադիր չէ, որ այն ներառի մարդուն կյանքից զրկելու հանգամանքը: Ի․ Չառնին «էթնոցիդ»-ը բաժանում է հինգ ենթախմբի։ Դրանցից չորրորդը կրոնական և
հոգևոր էթնոցիդն է (religious and spiritual ethnocide)։ «Էթնոցիդ»-ի համար Ի. Չառնին տալիս է որակավորման հետևյալ չափորոշիչները՝ 1) կանխամտածվածություն,
2) համընդանուր կամ միաձայն ընդունված նպատակ, 3) քաղաքականությունն իրականացնելու վճռականություն, 4) դիմադրության հաղթահարման ջանքեր,
5) զոհերի փախուստը խոչընդոտելու ջանքեր, 6) հետապնդման դաժանություն, Israel Charny, “Toward a Generic Definition of Genocide,” Genocide: Conceptual and Historical
Dimensions, edited by George J. Andreopoulos, Philadelphia, University of Pennsylvania Press, 1994, p. 84․ մեջբերումն ըստ Սեդա Պարսամյանի, Վէմ համահայկական հանդես,
ԺԱ (ԺԷ) տարի, թիվ 4 (68), հոկտեմբեր-դեկտեմբեր, 2019, http: http://www.genocide-museum.am/arm/VEM-S.Parsamyan.php
[2] 2021 թ․ հուլիսի 10-ին «Агдамский Портвейн» տելեգրամյան ալիքը լուսանկարներ է հրապարակել Շուշիի Կանաչ Ժամ հայկական եկեղեցուց և
նշել, որ Բաքվի և Ադրբեջանի ռուս ուղղափառ համայնքի մամուլի քարտուղարը, «աղվանա-ուդիական» կրոնական համայնքի ղեկավար Ռոբերտ Մոբիլին, Ադրբեջանում կաթոլիկ
եկեղեցու եպիսկոպոս Վլադիմիր Ֆեկետեն ծիսակատարություն են իրականացրել «ռուս ուղղափառ» եկեղեցում, որին մասնակցել են նաև դիվանագիտական կորպուսի և
միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ http: https://t.me/agdamwhite/1781?single:
Մի քանի օր անց՝ հուլիսի 13-ին, Կովկասի պատմության կենտրոնի տնօրեն, Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի մարդու իրավունքների ինստիտուտի
ավագ գիտաշխատող Ռիզվան Հուսեյնովը տեսանյութ է հրապարակում՝ հետևյալ գրառմամբ․ «Շուշիում իրականացվում են հայկական օկուպացիայի ժամանակ Կանաչ Ժամի
վերածված եկեղեցին նախնական տեսքի բերելու վերականգնման աշխատանքներ», որտեղ շեշտվում է՝ իբր եկեղեցին ուղղափառ է և շատ արագ «վերականգնվում» է
ադրբեջանական ուղղափառ քրիստոնեական համայնքի ծիսակատարությունների համար
( http: https://telemetr.me/content/rh_inside/post/367/): Շուշիի Կանաչ Ժամը ռուս ուղղափառ եկեղեցի ներկայացնելու և
այնտեղ անցկացված անօրինական ծիսակատարության մասին, Monument Watch, 15 հուլիսի 2021 թ., http: https://bit.ly/3QDnWrf:
[3] Ermənlilərin saxtalaşdırdıqları alban dini məbədlərinin bərpası üçün İşçi qrup yaradılıb, report.az, 3 Fevral 2022, http: https://report.az/medeniyyet-siyaseti/alban-dini-mebedlerinin-berpasi-ucun-isci-qrup-yaradilib/:
[4] Վանդալիզմ Հադրութում. ադրբեջանցիները հանել են Սպիտակ Խաչ եկեղեցու խաչը, https://war.karabakhrecords.info, 26 հունվարի 2022 թ․, http: https://bit.ly/3AraEIx:
[5] Արցախի հանրային հեռուստատեսություն, 2 ապրիլի 2022 թ․, http: https://www.facebook.com/watch/?v=960315998183462:
[6] Ադրբեջանական կրոնական և ազգային «հանդուրժողականության» հերթական դրսևորումը Ծակուռիի և Տողի եկեղեցիներում, Monument Watch, 20 ապրիլի 2022 թ․,
http: https://bit.ly/3PCVy6Z:
[7] Alban-udi xristian dini icmasının nümayəndələri Xudavəng monastırında Pasxa bayramını qeyd ediblər, udi.az, 10 May 2022, http: https://udi.az/news/0655.html:
[8] Խաչքարերի ոչնչացումն Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքում, Monument Watch, 10 մայիսի 2022 թ․, http: https://bit.ly/3QyqvuF:
[9] Ազոխ գյուղում պղծվել է Հայրենական պատերազմի և Արցախյան առաջին պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը, Monument Watch, 11 մայիս 2022 թ․, http: https://bit.ly/3dut1TR:
[10] Պուրակը կառուցվել էր ի հիշատակ Սոկրատ Աղաբեկյանի և Մեծ Թաղեր գյուղի մանկավարժների։
[11] Ադրբեջանը ոչնչացրել է Մեծ Թաղեր գյուղի Մանկավարժների պուրակն ու արձանագրությունը, Monument Watch, 14 մայիսի 2022 թ․, http: https://bit.ly/3AzKsf3:
[12] Ադրբեջանի կողմից Արցախում մարշալ Խանփերյանցի (Խուդյակով) հուշակոթողի պղծման նոր ապացույցներ, war.karabakhrecords.info, 31 մայիսի 2022 թ․, http: https://bit.ly/3c9fNvp:
[13] Շուշիի Սբ Ամենափրկիչ Ղազանչեցոց տաճարի ադրբեջանական «վերականգնման» շուրջ, Monument Watch, 30 մայիսի 2022 թ․, http: https://bit.ly/3T59IRl:
[14] Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին ավերվում է ադրբեջանցիների կողմից, Monument Watch, 8 հուլիսի 2022 թ., http: https://bit.ly/3c3eeiG:
[15] Տելեգրամյան օգտատեր http: https://t.me/ararathau/13449:
[16] Արցախի պետական նախարար Ա․ Բեգլարյանի տելեգրամյան հաշիվ, http: https://t.me/ArtakBeglaryan/118:
[17] Azerbaijan launches website on Armenian vandalism, azernews.az, 9 July 2022, http: https://www.azernews.az/culture/196553.html.
[18] Албано–удинская христианская религиозная община Азербайджана распространила заявление в связи с албанскими храмами, расположенными на освобожденных территориях, udi.az, 9 февраля 2022, http: https://udi.az/news/0642.html.
[19] Распоряжение Президента Азербайджанской Республики Об оказании финансовой помощи религиозным образованиям в Азербайджане, azertag.az, 18 апрель 2022, http: https://bit.ly/3wf30ia:
[20] Azerbaijan 2021 International Religious Freedom Report, p. 13.
[21] Ադրբեջանը մշակել է Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին մզկիթի վերածելու նախագիծ, mamul.am, 9 օգոստոս 2022 թ․, http: https://bit.ly/3QW67mM:
[22] На заметку армянским фальсификаторам: строения периода оккупации незаконны!, media.az, 11 август 2022, http: https://media.az/politics/1067871897/na-zametku-armyanskim-falsifikatoram-stroeniya-perioda-okkupacii-nezakonny:
[23] Red Flag Alert-Azerbaijan Update, Lemkin Institute for Genocide Prevention, http: https://www.lemkininstitute.com/red-flag-alerts-1/red-flag-alert---azerbaijan-update?fbclid=IwAR1zneEHFh7s8yxu8QntL5J668cPpdXkbzflUwjZJ1k7q-bSBs6HhvO_SvQ&fs=e&s=cl :
[24] Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954 թ. Հաագայի կոնվենցիայի երկրորդ արձանագրություն, 26 մարտի 1999 թ., http: https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=31415: