ԱՎՍՏՐԱԼԻԱՅԻՑ ԺԱՄԱՆԱԾ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԱՅՑԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ
Սեպտեմբերի 22-ին Ավստրալիայի Հայ Դատի Հանձնախմբի նախաձեռնությամբ Ավստրալիայի դաշնային խորհրդարանի ներկայացուցիչների պալատի պատգամավոր Թիմ Վիլսոնի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան:
Քսան հոգանոց պատվիրակության կազմում էին նաև Ավստրալիայի խորհրդարանի անդամներ Թրենդ Զիմերմանը, Թիմ Ուիլսոնը, Ջոն Ալեքսանդրը, ինչպես նաև երկրի
ամենամեծ նահանգ՝ Նյու Սաութ Ուելզի խորհրդարանի անդամ՝ Հյու Մակդերմոտը:
Պատվիրակությանն ընդունեց և Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման պատմությունը, նրա խորհուրդը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը:
Պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ ու աղոթեցին Սուրբ նահատակների հիշատակի համար:
Ավստրալիայից ժամանած պատվիրակությունն այցելեց նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացավ թանգարանային ցուցադրությանը, Հայոց ցեղասպանության պատմության մանրամասներին, որից հետո հյուրերը գրառում կատարեցին Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Պատվիրակության անդամները շրջայց կատարեցին նաև Հիշողության պուրակում, որտեղ տնկեցին արծաթափայլ եղևնի: