ԲԵԼԱՌՈՒՍԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԸ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ Է ՄԱՏՈՒՑԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Սեպտեմբերի 21-ին պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օլեգ Բելոկոնևի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան:
Բելառուսի գլխավոր շտաբի պետին ու նրա գլխավորած պատվիրակությանը դիմավորել ու Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման պատմությունը, նրա խորհուրդն է ներկայացրել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը:
Գեներալ-մայոր Օլեգ Բելոկոնևը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ապա՝ պատվիրակության անդամների հետ ծաղիկներ է դրել անմար կրակի մոտ և լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:
Բելառուսից ժամանած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ ՀՑԹԻ ռուսերեն լեզվի էքսկուրսավար Ռոզա Մնոյանը հյուրերին մանրամասն պատմել է Հայոց ցեղասպանության պատմությունը ներկայացնող թանգարանը, ծանոթացրել վավերագրերին, ցուցանմուշներին:
Այցի ավարտին գեներալ-մայոր Օլեգ Բելոկոնևը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում։