24.12.2022
Հովհաննես Տեր-Փիլիպպոսեանը ծնվել է 1898 թ․ Արևմտյան Հայաստանի Խարբերդ նահանգի Արաբկիր քաղաքում։ Իր ծննդյան մասին Հ․ Փիլիպպոսեանն այսպես է գրում․ «Մայրս անգրագէտ էր, միայն գիտէր, որ ես ծնուեր եմ Թալանից երկու տարի յետոյ, կարմիր տանձի հասնելուն ամսուն, հետեւցնելով, որ 1898 թիւի մայիս ամսի մօտ»։ Իսկ ԹԱԼԱՆ, ՋԱՐԴ, ԿՈՏՈՐԱԾ, ԴԵՊՔ բառերով արաբկիրցիներն անվանում էին 1895-1896 թթ․ Օսմանյան կառավարության «գործը», որ տեղի ունեցավ հայության շրջանում
[1]:
Հ․ Տեր-Փիլիպպոսեանն իր հուշերը գրի է առել 93 տարեկան հասակում և դրա պատճեններն ի պահ տվել երկու տարբեր վայրերում, երևի թե, այն մտածմունքով, որ վկայությունը չկորչի։ Բարեբախտաբար, երկուսն էլ ի վերջո իրենց հանգրվանն են գտել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, մեկը՝ 1996 թ․ Հենրիկ Գինոսյանի, մյուսը՝ 2010 թ․ Երևանի Ստեփան Զորյանի անվան դպրոցի կողմից։ Հեղինակը, գրի առնելով իր հուշերն այդ պատկառելի տարիքում, նշում է, որ շատ բաներ մոռացել է, շատ բան էլ՝ կրճատել։
Հովհաննեսն իր հուշագրությունը սկսում է մի խումբ թուրքերի՝ իր հորը ծեծելու տեսարանով, որն իր վրա մեծ ազդեցություն է թողել։ Այնուհետև ներկայացվում է արաբկիրցիների կենցաղը․ հաց թխելը, գինի, պանիր սարքելը, տեղի կերակրատեսակներ պատրաստելը, Արաբկիրում աղջիկ հավանելու և ամուսնացնելու տեսարանները, հարսանյաց և սգո արարողությունների պատրաստությունները, որոնք, ընթերցողին կարծես տեղափոխում են Արաբկիր և ստիպում սեփական աչքերով «տեսնել» այդ ամենը։ Հեղինակը ներկայացնում է Արաբկիրում հիմնական տարածված արհեստների նկարագրությունը, ինչպես նշում է պատմաբան և աշխարհագրագետ Թադևոս Հակոբյանն իր «Պատմական Հայաստանի քաղաքները» գրքում․«XIX դարի կեսին այստեղ գործում էին 15 ջուլհակային, 9 մանածագործական և սփռոցի արտադրության 18 ձեռնարկություններ։ Արաբկիրի գործվածքները բարձր որակի էին և կարող էին մրցել Մերձավոր արևելքի ցանկացած քաղաքի գործվածքեղենի հետ»
[2]:
Իր հուշերում, հեղինակը ներկայացում է Արաբկիրի չորս եկեղեցիները, որոնցից, վերոնշյալ ջարդերից հետո, կանգնուն էր մնացել միայն մեկը՝ Սբ․ Աստվածածինը, որն էլ արաբկիրցիների ջանքերով վերականգնվել և ավելի գեղեցիկ էր դարձել։ Հուշագրությունում հատվածներ կան 1912 թ․ Բալկանյան պատերազմի մասին, որին մասնակցել են հայ երիտասարդները և ինչպես նշում է հեղինակը՝ հայերը «թուրքերի հետ կռուեցան ուս-ուսի», իսկ հայ մեծահարուստները ֆինանսական աջակցություն տրամադրեցին։ Եվ այս ամենից հետո էլ կարծես սկսվում է թուրքերի «շնորհակալությունը» հայերին։ Թուրքիան զորահավաք է հայտարարում՝ 18-45 տարեկան տղամարդկանց համար՝ անկախ ազգությունից, սակայն այս անգամ հայ տղամարդկանց զենք չեն տալիս, իսկ եղածն էլ՝ ետ են վերցնոմ։ Նկարագրվում է, թե ինչպես են թուրքերը հորեր փորել տալիս հայ տղամարդկանց, իսկ հետո՝ կացիններով և շամփուրներով սպանում և մեռած կամ կիսամեռ լցնում իրար վրա ու թաղում, իսկ տղամարդկանց մյուս մասին պահում տաժանակիր աշխատանքներ կատարելու համար, իհարկե, վերջում «արժանացնելով» նույն ճակատագրին։ Ներկայացվում է,թե ինչպես էին թուրք զինվորները թիրախավորում, հատկապես, հայ կուսակցականներին և նրանց կանանց, որոնց ցուցակները նախապես ունեին (ներկայացվում է մորաքրոջ հետ պատահած դեպքը, ում ամուսինը վերակազմյալ Հնչակյան էր)։ Նշենք, որ հեղինակը դեռ փոքր տարիքից է «վարակված» եղել հայրենասիրությամբ, գիշերները գաղտնի կարդացել է հեղափոխական գրքեր, հայ ֆիդայիների մասին, ոգեշնչվել հայդուկ Արաբոյից, որի հետևորդը լինելու համար էլ Հովհաննեսին տրվել էր «Արաբո» ծածկանունը։
Սկսվում է աքսորը, հայերին վստահեցրել էին, որ իրենք ետ են վերադառնալու իրենց տներ, ուստի, կարիք չկար փակելու դռները կամ խանութները։ Արաբկիրցիները պետք է միանային Էրզրումից, Սարիղամիշից, Բայպուրդից, Երզնկայից եկած աքսորյալներին։
Հովհաննես Տեր-Փիլիպպոսեանը աքսորի ճամփան սկսում է իր մոր՝ Մերիեմի, փոքր եղբոր՝ Տիրանի, քրոջ՝ Ծաղիկի և մոր հորեղբոր ընտանիքի և բազմում այլ հայերի հետ։ Աքսորի ճամփին, Հովհաննեսը մտադրվում է գնալ Խոզաթ՝ ընկերոջ Պապիկի (Պետրոս Պէզիրկենեան) մոտ, ով գուցե օգներ իրեն քրդերի միջոցով փախչել երկրից։ Այսպես, թուրք ոստիկաններին կաշառելով, Հովհաննեսը կարողանում է դուրս գալ ճամփից, պտտվում է իր բարեկամների տները, սակայն, բոլորի դռները փակ գտնելով, հասկանում է, որ նրանք էլ աքսորի ճամփին են։ Հուսալքված ետ է վերադառնում և հասնում Ղայնաճան՝ միանալով աքսորյալներին։ Տարբեր դրվագներով հեղինակը ներկայացնում է աքսորի ճանապարհը, հայերի հոգնած և սոված վիճակը, ոստիկանների վերաբերմունքը, աքսորյալների լուռ աղոթքներն առ Աստված։ Նկարագրվում են դեպքեր, թե ինչպես էր ճանապարհին խումբը տեսնում հայերի դիեր, ենթարկվում քրդական խմբերի հարձակումներին, ականատես լինում հայ մոր և դստեր սպանությանը և այլն։ Ոստիկաններն էլ, իբրև հայերին փրկելու համար քրդերի և այլոց հարձակումներից, վճար էին պահանջում։ Այսպես, հասնելով ղզլպաշների գյուղ, Հովհաննեսը՝ այլ 16 անձանց հետ միասին կարողանում է կաշառել ոստիկաններին և ղզլպաշների մեծերին և ազատվում աքսորից՝ այսուհետ անվճար ծառայելով ղզլպաշներին։ Սկսվում է Հովհաննեսի՝ տարբեր աշխատանքներ կատարելը գյուղում, անասուններին արածեցնելը, գյուղատնտեսությամբ զբաղվելը, ծանր գործեր կատարելը՝ այս ամենի դիմաց ստանալով օրվա ուտելիք։ Տանտիրոջ եղբոր տղայի հետ վիճաբանությունից հետո, Հովհաննեսն այլ ելք չուներ, քան հեռանալը։ Հովհաննեսը, հեռանալով հասնում է Խոզաթ իր ընկերոջ՝ Պապիկի մոտ, ում հետ խոսակցությունից հեղինակը տեղեկանում է, որ Երզնկայում 20․000 հայ գաղթականներ կան ճամբարներում, թուրքերը կռվել չեն կարողանում, իսկ Ռուսաստանում հեղափոխություն է, ռուսական բանակին հստակ հրահանգներ չեն տրվում։ Պապիկը նշում է․
«Բանակը անտէր, զէնքը քիւրտերին ծախողը, ինքնագլուխ թողնում գնում են։ Հիմա քիւրտերը այդ թալանից օգտւում [են] ու թուրքն ալ հանգստանում, սննդամթերքը էժան գնում, ուժեղանում [է]։ Քիւրտերն ալ նորից հայերին սկսում են կոտորել։ Հիմա քեզի ու՞մ վստահեմ, փողը կ՚առնեն, անդին անտառին մէջ կը սպաննեն»։ Հովհաննեսը հուսալքված ետ է դառնում, ճանապարհին հանդիպում է թրքացած մի հայի՝ Պեպեր Օղլիին, ում հետ էլ որոշում է մեկնել Սեբաստիա և որոշ ժամանակ աշխատել նրա խանութում՝ գումար վաստակելու համար։ Հովհաննեսն արդեն 18 տարեկան էր, որոշ գումար աշխատելուց հետո, նա Սեբաստիայից՝ Մալաթիայի ճամփով հասնում է Տուզլա խան, որտեղ հիվանդ թուրք զինվորներ կային։ Ամեն մեկից լսում է մի պատմություն պատերազմի մասին։ Ապա, մի քանի հոգու հետ, ջորիով Ղուրուչայն անցնելով, հազիվ փրկվում է խեղդվելուց։ Ճանապարհին փաստաթղթերը ստուգում էին, Հովհաննեսը ճարպիկ գտնվելով, նշում է, որ գնում է բայբուրդցի Խոսրով բեյի մոտ՝ դեպի Տէհեր քէօյ, այլապես Հովհաննեսին ուղարկելու էին օսմանյան բանակ։ Այսպես, Հովհաննեսը հասնում է Էքտիր անունով գյուղ, այն գյուղը, որտեղ ինքն ու իր ընտանիքն անվճար աշխատում էին՝ սոված չմնալու համար․ այստեղ իմանում է, որ մայրը, քույրը և եղբայրը գնացել են Արաբկիր։ Հասնելով Արաբկիր, վերջապես հանդիպում է ընտանիքի հետ։ Այստեղ տեղեկանում է, որ մորաքրոջ աղջիկը՝ Զապէլը մահացել է։
Արաբկիրում Հովհաննեսն ու եղբայրը՝ Տիրանը, սկսում են աշխատել․
«Որոշեցինք, որ թել ասեղ առնեմ, Տիրանն ալ հետս, գիւղերը պտտինք, կօշիկ նորոգելով օրուայ ուտելիքներս ճարենք։ ․․․ Աքսորից, եղբօրս հետ՝ եօթ տարեկան, հազիւ հետս տանից տուն, գիւղից գիւղ էսկիճի, երբեմն իրենց կաշիով չարուխ ձեւէի, կարէի, կտրելու միջից ինծի բաժին հանէի»։ Գյուղերից մեկում Հովհաննեսն ու եղբայրը հանդիպում են Շաթր օղլիից մի քուրդի, ով առաջարկում է Տիրանին ծառայության վերցնել՝ հոգալով նրա մասին։ Հովհաննեսը համաձայնվում է՝ փորձելով ազատել եղբորը դժվարություններից, սակայն մի քանի ամիս անց, ետ գալով՝ եղբորը գտնում է սովամահ վիճակում։ Եղբոր հետ վերադառնալով Արաբկիր, Հովհաննեսն աշխատանքի է անցնում Պապիկի մեծ եղբոր՝ Կիչճիկեան Գրիգոր աղայի մոտ՝ մանուսայի արհեստ սովորելու։
1920 թ․ էր, հեղինակը նշում է, որ հայերին արգելված էր քաղաքից դուրս գալ։ Հովհաննեսը հասնում է Սեբաստիա, ապա, գաղտնի, գիշերը երթևեկող չէրքեզների ուղեկցութեամբ անցնում Թոգաթ, Ամասիա, Սամսոն, որտեղից նավարկելու էր Պոլսից Ամերիկա՝ հոր մոտ։ Այս ընթացքում և մինչ այդ էլ, Հովհաննեսի հայրը գումար էր ուղարկում ընտանիքին։ Քանի որ հայերին արգելված էր դուրս գալ Կ․Պոլսից, Հովհաննեսին խորհուրդ են տալիս մտնել Սամսոնի որբանոց, որը գտնվում էր ամերիկացիների հոգածության ներքո։ Հեղինակը ներկայացնում է որբանոցի կյանքը, արհեստները, որոնք ուսուցանվում էին որբանոցի սաներին։ Հուշագրությունից տեղեկանում ենք, որ որբանոցի հայկական բաժինն ուներ մոտ 600 որբ՝ հավաքված տարբեր շրջաններից։ Հովհաննեսն արդեն 22 տարեկան էր։ Ընթանում էր հույն-թուրքական պատերազմը, նկարագրվում է Իզմիրի հրդեհը, թուրքերի կողմից հույների և հայերի կոտորածը։
Մինչ Կ․ Պոլիս գնալը, Հովհաննեսը ծանոթանում է որբանոցից մեկ այլ սանի՝ Գեղանուշի հետ, ում հետ էլ ամուսնանում է։ Հովհաննեսն ու Գեղանուշը հասնում են Պոլիս, որտեղից էլ՝ Ֆրանսիա։ Մարսելում, ապա Կրենոպլում Հովհաննեսն ու Գեղանուշը, չնայած լեզվի չիմացությանը, աշխատանքի են անցնում։ Հովհաննեսը կարողանում է իր մոտ բերել նաև մեծ մորը, մորը, քրոջն ու եղբորը( որոնք հետագայում տեղափոխվում են հոր մոտ՝ ԱՄՆ)։ 1924 թ․ ծնվում է Հովհաննես և Գեղանուշի առաջնեկը։ Ընտանիքը տեղափոխվում է Լիոն՝ ավելի լավ աշխատանքի անցնելու համար։ Դստրերի՝ Արշալույսի և Անահիտի ծնունդից հետո, ընտանիքի հետ Լիոնից տեղափոխվում է Պորտո, որտեղ երկար ժամանակ աշխատանք չգտնելով, կնոջ հետ միասին տրիկո էին գործում և վաճառում։
Հովհաննեսը շուտով դառնում է Հայաստանի օգնության կոմիտեի (Հ․Օ․Կ․)-ի անդամ, ապա, արաբկիրցիների հետ միասին հիմնում Արաբկիրի միության Լիոնի մասնաճյուղը։ Հեղինակը ներկայացնում է Երևանի Նոր Արաբկիր թաղամասի կառուցման սկիզբը, նվիրատվությունները, որոնք ամբողջն ուղղվում էին թաղամասի կառուցմանը։ Հովհաննեսն իր հուշագրությունում ներկայացնում է Արաբկիրցիների միության Լիոնի մասնաճյուղի խմբանկարը, նշելով լուսանկարի յուրաքանչյուր անդամին․ լուսանկարն իր տեղն է գտել Անդրանիկ Փոլատեանի «Պատմութիւն հայոց Արաբկիրի» գրքում։ Հենց այս գրքի էջ 929-ում էլ կարողացանք գտնել նկարը (քանի որ հեղինակը որևէ նկար չէր տրամադրել իրենից) և տեսնել ոչ միայն Հովհաննեսին, այլև նրա կնոջը, դստերը, մեծ մորը և Լիոնի մասնաճյուղի այլ անդամներին։
Այնուհետև, երբ գալիս է Խորհրդային Հայաստան ներգաղթի ժամանակը, Հովհաննեսը ևս ցուցակագրվում է և ընտանիքի հետ գալիս է Հայաստան, որտեղ ապրում է 40 տարի։ Ներկայացվում է նորակառույց թաղամասում իր տուն սարքելը, տարբեր աշխատանքներ կատարելը, Ստալինյան բռնաճնշումները, որոնք բաժին հասան նաև սփյուռքահայերին։ 1978 թ․ Հովհաննեսը կնոջ հետ կրկին մեկնում է Ֆրանսիա, դուստրերն էլ այնտեղ էին ամուսնացել, իսկ տղան՝ Մարտիկն իր ընտանիքի հետ մնում է Հայաստանում (Հովհաննեսն ուներ վեց երեխա)։ Չնայած նրան, որ Հովհաննեսը մեկնում է Հայաստանից, սակայն ինչպես ինքն է նշում․ «Սիրտս Հայաստանից չի կտրուած, եթէ ոմանք անտեղի շատ են վատաբանում, ես աւելի եմ ցաւում։ Կրցածիս աւելին ըրեր, ձգտեր եմ»։
Տարբեր տարիներին Հովհաննեսը տարբեր տեսակի օգնություններ է ուղարկում Հայաստան․ Մակինթոշ համակարգիչ, Dijon ֆրանսերեն հրատարակվող 12 հատորանոց գրքեր՝ Գիտությունների ազգային ակադեմիային, իսկ ամենավերջին հատորը՝ իր հարսի՝ Սիմոնյան Վարսիկի ձեռքով է անձամբ հանձնվել։
1988 թ․ դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի է ունենում չարաբաստիկ երկրաշարժը։ Այդ անգամ ևս Հովհաննեսը հասնում է օգնության իր հայրենիքին, տարբեր կազմակերպությունների՝ «Յոյս Հայաստանի համար», «Ֆրանսահայ Երիտասարդաց Միութիւն» և այլնի միջոցով գումար է ուղարկում Խորհրդային Հայաստան։ Հեղինակը նաև հպարտությամբ նշում է․
«Հայաստանի դեսպանատան շէնքի հիմքը Ֆրանսայի մէջ, առաջին քարը ես եմ դրեր, միայն 100 ֆրանքով»։
Հուշագրության վերջին էջերում հեղինակը նկարագրում է իր ընտանիքի պատմությունը համառոտ՝ մինչ իր ծնունդը։ Արժեքավոր տեղեկություններ է տալիս 1894-1896 թթ․ հայերի դեմ Օսմանյան կառավարության կազմակերպած ջարդերի, թալանի ու կողոպուտի մասին, որին զոհ էին գնացել Հովհաննեսի պապերը, հորաքրոջ ամուսինը, հորեղբայրը, մյուս հորեղբայրը պարանոցից վիրավորվել էր, իսկ (հորական կողմից) տատիկը՝ անկողին ընկել։ Հուշագրության վերջին էջում Հովհաննեսը գրում է․
«Թող չըսեն, թէ պատերազմ էր, հայերը մեզ կոտորեցին, մենք ալ։ Իրենց ցեղասպանութիւնը ծածկելու համար եւ փոսեր են բացում, ուր հարիւրներով թուրքերի կմախքներ, չեն ասում՝ աքսորում անօթի, անզէն հայերը թուրք կարո՞ղ էին սպաննել․․․ Իմ վկայութիւնս փաստ է»։
Հայաստան Մարտիրոսյան
ՀՑԹԻ Արցախի, Նախիջևանի և Ադրբեջանի հայության բռնաճնշումների ուսումնասիրության բաժնի գիտաշխատող
Լիոնի մասնաճյուղի անդամների խմբանկարը՝ արված 1928 թ․։ Նկարի մեջ 1 նշանակված անձը, թերթը ձեռքին՝ Հովհաննես Տեր-Փիլիպպոսեանն է, Լիոնի մասնաճյուղի ատենապետը,
ձախ կողմից, 4-րդ շարքի առաջին կինը՝ երեխան գրկին, Հովհաննեսի կինն ու դուստրն են,
իսկ 27-ը՝ Արաբկիրի Միության նախագահ Նազարեթ Կիվմիվշկերտանեանը։
Նկարը՝ Անդրանիկ Լ. Փոլատեան, Պատմութիւն հայոց Արաբկիրի, Նիւ Եորք, 1969, էջ 929
Մամուրէթիւլ Ազիզ/Խարբերդի նահանգը (վիլայեթ)՝ 20-րդ դարի սկիզբին
Նկարը՝ houshamadyan.org
Սբ․ Նշան դպրոցը․ աշակերտներն իրենց ուսուցչի հետ, 1894 թ․
Նկարը՝ Antranik Poladian and George Jerjian, Arabkir, Homepage to an Armenian Community, London, 2004, էջ 79
Հայկական կաթոլիկ դպրոցը․ Արաբկիր, 1905թ․
Նկարը՝ Antranik Poladian and George Jerjian, Arabkir, Homepage to an Armenian Community, London, 2004, էջ 80
Արաբկիր, հայկական եկեղեցու թաղամասը, 1907-ից հետո։ Պատկերի ձախ կողմում, սպիտակ քարերով կառույցը Ս. Աստվածածին եկեղեցին է (Աղբյուր՝ Հայաստանի ազգային արխիվ, Երևան)
Նկարը՝ houshamadyan.org
Արաբկիր - տեսարան
Նկարը՝ Թադևոս Հակոբյան, Պատմական Հայաստանի քաղաքները, Եր.։ Հայաստան, 1987, Ներդիր 1
Արաբկիրի Ս. Աստվածածին եկեղեցին
Ծանոթագրություններ
[1] «Ոսկեգետակ տարեգիրք», խմբ․ Ս․ Բախտիկեան, Պէյրութ, 1945, թիվ 3, էջ 40։
[2] Թադևոս Հակոբյան, Պատմական Հայաստանի քաղաքները, «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1987, էջ 51։