24.06.2022
Նյու Հեմփշիրի Քինի պետական քոլեջի (Keene State College, New Hampshire) Հոլոքոստի և ցեղասպանությունների ուսումնասիրության ամբիոնի ղեկավար, պրոֆեսոր Էլիզա վոն Յոդեն-Ֆորգին հունիսի 23-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում հանդես եկավ
«Ցեղասպանությունը որպես վերարտադրողական բռնություն» (Genocide as Reproductive Violence) թեմայով հանրային դասախոսությամբ:
Նախ ներկաներին ողջունեց ՀՑԹԻ Վ. Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ Սուրեն Մանուկյանը՝ նաև հակիրճ ներկայացնելով Էլիզա վոն Յոդեն-Ֆորգիի կենսագրությունը և գիտակրթական գործունեությունը. մասնավորապես նշեց, որ վերջինս եղել է Նյու Ջերսիի Սթոքթն համալսարանի (New Jersey Stockton University) Ցեղասպանությունների կանխարգելման առաջին ակադեմիական կրեդիտային ծրագրի հիմնադիրը, “Genocide Watch”-ի նախագահը և Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի առաջին փոխնախագահը: Նա դասախոսում է Հոլոքոստի, համեմատական ցեղասպանագիտության, գենդերային, սեռական բռնության, պատերազմի, մարդու իրավունքների, իմպերիալիզմի և ցեղասպանությունների կանխարգելման թեմաներով:
Ապա իր խոսքի սկզբում տիկին Էլիզան նշեց, որ մեծ պատիվ է համարում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում դասախոսությամբ հանդես գալը: Դասախոսության ընթացքում բանախոսն անդրադարձավ ցեղասպանությունների ընթացքում վերարտադրողական բռնության տարբեր դրսևորումներին, այդ երևութների պատճառներին, դրանց՝ որպես ցեղասպանագիտական եզրույթների ստեղծմանը և շրջանառությանը: Նա նաև խոսեց մերօրյա վերարտադրողական բռնությունների վերաբերյալ, որոնք տեղի են ունենում աշխարհի տարբեր հակամարտության գոտիներում՝ Հարավային Կովկասում, Մերձավոր Արևելքում և այլուր:
Դասախոսության ավարտին հետաքրքիր քննարկում ծավալվեց բանախոսի և ՀՑԹԻ գիտաշխատողների մասնակցությամբ, որի ընթացքում զուգահեռներ տարվեցին Հայոց, Հրեից և այլ ցեղասպանությունների տարբեր ասպեկտների շուրջ. ինչպես ամփոփիչ խոսքում նշեց Սուրեն Մանուկյանը, քննարկումը նույնքան հետաքրքիր ու օգտակար էր, որքան բուն դասախոսությունը: Իր հերթին Էլիզա վոն Յոդեն-Ֆորգին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար՝ հույս հայտնելով, որ համագործակցությունը շարունակական կլինի: