25.02.2014

Հունաստանի խորհրդարանի նախագահ Էվանգելոս Մեյմարակիսի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 25-ին այցելեց Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
Էվանգելոս Մեյմարակիսը ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Հունաստանի խորհրդարանի նախագահը և նրան ուղեկցող պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Հունաստանից ժամանած պատվիրակության անդամները շրջայց կատարեցին նաև Հիշողության պուրակում, որտեղ Հունաստանի խորհրդարանի նախագահը տնկեց արծաթափայլ եղևնի:
1996թ. ապրիլի 25-ին Հունաստանի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը: