25.03.2023
Մարտի 25-ը 1971 թ․ Բանգլադեշում տեղի ունեցած ցեղասպանության հիշատակի օրն է, որի ընթացքում ոգեկոչում են զանգվածային կոտորածների զոհերի հիշատակը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հաճախակի անդրադառնում է նաև այլ ժողովուրդների ցեղասպանություններին, քանի որ ցեղասպանությունները, զանգվածային ջարդերը և էթնիկ զտումները տարբեր դրսևորումներով շարունակվում են նաև ներկայում և մեր խորին համոզմամբ՝ Հայոց ցեղասպանության և նման այլ հանցագործությունների իմացությունն այն կարևոր նախապայմաններից է, որը թույլ կտա կանխարգելել ցեղասպանությունները։
Բանգլադեշում տեղի ունեցած ցեղասպանության զոհերի թվում կային բազմաթիվ բանգլադեշցի մտավորականներ, քանի որ Պակիստանի կողմից իրագործված ցեղասպանությունն ուղեկցվել է մտավորականության թիրախավորմամբ։
Պակիստանի պետության ձևավորումից հետո Արևելյան Պակիստանի (Բանգլադեշի) բնակչության հանդեպ կենտրոնական կառավարությունը խտրականության էր դնում, որը տեսանելի էր հատկապես լեզվի ու մշակույթի բնագավառում։ Այս ամենի արդյունքում բենգալացիների դժգոհությունը վերածվում է բողոքի շարժման, որը ղեկավարում էին մտավորականները։ Հենց դրանով էր պայմանավորված մտավորականությանը թիրախավորելու Պակիստանի գործելակերպը։
1971 թ․ մարտի 25-ին պակիստանյան բանակը, սկսելով «Լուսարձակ» գործողությունը, հարձակվում է Դաքքայի համալսարանի վրա՝ նպատակ ունենալով ոչնչացնել այնտեղ գտնվող մտավորականներին։ Պակիստանի ռազմաքաղաքական ղեկավարությունն այդպիսով նպատակ ուներ սպանել հայտնի մտավորականներին և արհեստավարժ մասնագետներին՝ բանգլադեշցիներին գիտական և մասնագիտական ներուժից զրկելու համար:
Դաքքայի համալսարանի վրա հարձակման լուրն արագ տարածվում է Բանգլադեշում՝ ավելի բորբոքելով երկրում առկա հակապակիստանյան տրամադրությունները։ Իսկ Դաքքա քաղաքը դառնում է պակիստանյան բանակի և Բանգլադեշի անկախության համար պայքարող ջոկատների հիմնական ռազմադաշտը։
Եվ նույնիսկ պատերազմի վերջին շաբաթվա ընթացքում, երբ արդեն պարզ էր, որ Պակիստանը պարտվել է, և Բանգլադեշում անկախ պետության ստեղծումն անխուսափելի է, պակիստանյան բանակը սկսում է հատուկ ջանքեր գործադրել ավելի շատ բանգլադեշցի մտավորականների և էլիտայի ներկայացուցիչների ոչնչացնելու ուղղությամբ:
Այդ սպանդը հատկապես ինտենսիվ բնույթ է ստանում 1971 թ․ դեկտեմբերի 12-14-ն ընկած ժամանակաշրջանում, երբ մեծ թվով մտավորականների ու մասնագետների դուրս են հանում իրենց տներից և սպանում։ Այդ իսկ պատճառով ամեն տարի դեկտեմբերի 14-ը Բանգլադեշում նշվում է որպես նահատակված մտավորականների օր։
Նարեկ Պողոսյան
ՀՑԹԻ Վ. Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի գիտաշխատող, պ.գ.թ.
Մեհերպուրում տեղադրված քանդակը, որը ցույց է տալիս Պակիստանի բանակի կողմից մտավորականների մահապատիժը 1971 թ.
Բանգլադեշի ցեղասպանության ընթացքում սպանված մտավորականության ներկայացուցիչները