25.05.2021
Հայաստանի Հանրապետությունում Չեռնոգորիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Դրագիցա Պոնորացն (նստավայրը՝ Կիև) այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշամալիր:
Նորանշանակ դեսպանին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Դեսպան Պոնորացը ծաղիկներ դրեց անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց զոհերի հիշատակը:
Դրագիցա Պոնորացը եղավ նաև Հայոց ցեղասպանության թանգարանում: Այցի ավարտին դեսպանը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում, որտեղ մասնավորապես նշել է. «Որպեսզի աշխարհի որևէ անկյունում այլևս երբեք չկրկնվի սա»:
Հարություն Մարությանը շնորհակալություն հայտնեց դեսպանին այցի և ցուցաբերած հետաքրքրության համար ու նվիրեց ՀՑԹԻ անգլալեզու հրատարակություններից: