25.06.2016
Հունիսի 25-ի վաղ առավոտյան Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելեց եռօրյա այցով Հայաստանում գտնվող Հռոմի Ֆրանցիսկոս պապը: Կաթոլիկ քահանայապետը ՀՀ նախագահի և Ամենայն հայոց կաթողիկոսի առաջնորդությամբ եղավ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի մոտ, որտեղ ծաղկեպսակ տեղադրեց:
Հավերժական կրակի մոտ Հռոմի պապը բարձրաստիճան մյուս հյուրերի հետ հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այնուհետև, կատարվեց էկումենիկ արարողություն և Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսության կարգ:
Կաթոլիկ եկեղեցու հովվապետ Ֆրանցիսկոս պապը արծաթափայլ եղևնի տնկեց Հիշողության պուրակում:
Նորին սրբություն Ֆրանցիսկոս պապի՝ Հայաստան այցի առիթով տնկված ծառի հուշատախտակին գրված է՝ «Հիշողությունից բողբոջում է խաղաղ ապագան»:
Ծառատունկի արարողությունից հետո բիբլիական Արարատի հայացքի ներքո ֆրանցիսկոս պապը գրառում կատարեց Հայոց ցեղասպանության թանգարանի Հուշամատյանում:
"Ես այստեղ եմ՝ սրտի մեծ ցավով հիշելով այս ոճրագործությունը, որովհետև աշխարհի ազգերն ու ժողովուրդները միշտ չեն տարբերել չարը բարուց, լավը վատից: Աստված թող հայերին խաղաղություն պարգևի և պահպանի սիրելի հայ ժողովրդի հիշատակը, այդ հիշատակը երբեք չի մոռացվի՝ ի նշան ապագայի և խաղաղության:՛՛
ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը Հռոմի սրբազան քահանայապետին նվիրեց թանգարանի հուշամեդալ և Ախթամարի եկեղեցու պատկերով գծանկար: Ֆրանցիսկոս պապը շնորհակալություն հայտնեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենին՝ օրհնելով նրա առաքելությունը:
Այնուհետև, սրբազան հորը մոտեցան և օրհնություն ստացան Հայոց ցեղասպանություն վերապրածների ժառանգներ և ընտանիքի անդամներ: Նրանցից յուրաքանչյուրը համառոտ պատմեց ընտանիքի վերապրման անձնական պատմությունը: Նորին սրբությունը օրհնեց և փոքրիկ հուշանվերներ տվեց նրանց:
Ծիծեռնակաբերդից Ֆրանցիսկոս պապը մեկնեց Գյումրի: