25.06.2022
Երևանի քաղաքապետարանի երկարամյա աշխատակից Կամո Արեյանը տասնյակ տարիներ է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողքին է թե՛ որպես պաշտոնյա, թե՛ որպես շարքային սրտացավ քաղաքացի: Լինելով սասունցիների ժառանգ՝ նա հարազատ է մնում այս ուղղությամբ իր որդեգրած ուղուն, որի առանցքն է ՀՑԹԻ-ի համազգային կառույց լինելու անբեկանելի գիտակցումը. նա շարունակում է անխախտ հոգացավությամբ անտարբեր չլինել Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հետ կապված ցանկացած խնդրի վերաբերյալ՝ լուծում տալով հնարավոր բոլոր տարբերակներով:
Սկսած Հայոց ցեղասպանության թանգարանի բացումից՝ 1995 թ., լինելով պետական պաշտոնյա, Կամո Արեյանը Ծիծեռնակաբերդի բարձունք է ուղեկցել բազմաթիվ օտարերկրյա քաղաքական, մշակութային գործիչների: Տարբեր տարիներին, որպես Երևանի քաղաքապետի տեղակալ կամ խորհրդական, համակարգել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրում քաղաքապետարանի իրականացրած աշխատանքները:
Ի նշան երախտագիտության՝ ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանի նախաձեռնությամբ և հրամանով ս.թ. հունիսի 23-ին
տասնյակ տարիներ շարունակ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում Երևանի քաղաքապետարանի իրականացրած աշխատանքները համակարգելու համար Երևանի քաղաքապետարանի բազմամյա և փորձառու աշխատակից Կամո Արեյանը պարգևատրվեց «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի
«Ֆրիտյոֆ Նանսեն» հուշամեդալով: Հուշամեդալը պարոն Արեյանին հանձնեց ՀՑԹԻ գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը՝ շնորհակալություն հայտնելով համագործակցության և միշտ ՀՑԹԻ կողքին լինելու համար: Իր հերթին Կամո Արեյանը շեշտեց, որ իր համար այս հուշամեդալը կրկնակի թանկ է, քանի որ այս կառույցի դերն ու նշանակությունն իր համար անչափ կարևոր են: