Ս. թ. սեպտեմբերի 11-ին Դանիայի Գյուլինգ ավանի և հարակից տարածքի տեղական պատմության արխիվի տնօրեն Մոհենս Հոյմարկն (Mogens Højmark) այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան:
Նշենք, որ Հայոց ցեղասպանության թանգարանի և Գյուլինգի արխիվի միջև համագործակցությունը տարիների պատմություն ունի: Գյուլինգի արխիվում է պահվում դանիացի միսիոներուհի Կարեն Եփփեի անձնական արխիվը: Սկսած 2011 թ. պարոն Հոյմարկն Հայոց ցեղասպանության թանգարանին է հանձնել մի շարք արժեքավոր նյութեր՝ թերթեր, լուսանկարներ, փաստաթղթեր որոնք սկզբնաղբյուրային նշանակություն ունեն Կարեն Եփփեի գործունեությունը, սկանդինավյան հայասիրական շարժման պատմությունը, Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայ կանաց և երեխաների ճակատագրերն ուսումնասիրելու համար:
Անձամբ Մոհենս Հոյմարկն ակտիվ մասնակցություն է ունեցել Դանիայում Հայոց ցեղասպանության ճանաչման համար մղված արշավներում, մասնակցել է գիտաժողովների, որոնց ընթացքում մշտապես բարձրաձայնել է Հայոց ցեղասպանության մասին: Պրն. Հոյմարկը տարբեր միջոցառումներ է կազմակերպել Կարեն Եփփեի ծննդավայր Գյուլինգում. 2014 թ. ապրիլին խաչքարի բացում Կարեն Եփփեի հուշաքարի մոտ, 2015 թ. մայիսին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որի ժամանակ տեղի է ունեցել դանիացի միսիոներուհիներ Կարեն Յեփփեին և Մարիա Յակոբսենին նվիրված փոստային ծրարների մարման արարողություն:
Արխիվի տնօրեն լինելուց զատ նա երկար տարիներ զբաղվել է ուսուցչությամբ՝ աշխատելով դիսլեքսիկ՝ կարդալու խանգարում ունեցող աշակերտների հետ:
Վերջերս Հայաստան կատարած հերթական այցի ժամանակ ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը Հայոց ցեղասպանության թանգարանի դանիացի բարեկամ Մոհենս Հոյմարկին հանձնեց «Ավրորա Մարդիգանյան» հուշամեդալ՝ ի նշան երախտագիտության Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ունեցած ներդրման և երկու հաստատությունների միջև արդյունավետ համագործակցության համար: