25.10.2023
Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 25-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրների ուղեկցությամբ:
Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդիտա Գզոյանը:
Երկու երկրների նախարարները ծաղկեպսակներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Հյուրերը շրջեցին Հիշողության պուրակում, որտեղ Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին ջրեց Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի 2018 թ. տնկած եղևնին:
Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդիտա Գզոյանը պատվավոր հյուրին նվիրեց Հայոց ցեղասպանության մասին գրքեր: