25.12.2015
Այսօր տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղարության հաշվետու մամուլի ասուլիսը:
Ասուլիսի ընթացքում ՀՑԹԻ տնօրեն, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանը անդրադարձավ թանգարանի կարևոր ձեռքբերումներին, տարեսկզբին դրված խնդիրներին, թանգարան-ինստիտուտի վերցրած պարտավորություններին ու մարտահրավերներին:
2015 թվականի ընթացքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունում և արտերկրում ՀՑԹԻ կողմից կազմակերպվել են մի քանի տասնյակ ժամանակավոր ցուցադրություններ աշխարհի շուրջ 60 քաղաքներում: Վերջին տարիներին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հրատարակել է մոտ յոթանասուն միավոր գրականություն՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն ժողովածուներ, մենագրություններ, գրքեր, կատալոգներ: Հայոց ցեղասպանության թեմաներին անդրադարձել են մոտ 60 միջազգային գիտաժողովներում: Այս տարվա ապրիլին բացվել է թանգարանի նոր հիմնական ցուցադրությունը, ինչը, թերևս, կարևորագույն ձեռքբերումն էր տարվա ընթացքում:
ՀՑԹԻ տնօրենը նշեց՝ նոր մշտական ցուցադրությունը ստեղծվել է թանգարանի կողմից բոլորովին անվճար: Թանգարանի աշխատակիցները հրաժարվել են լրացուցիչ վարձատրությունից՝ համարելով, որ մեծ պատիվ է այդ կերպ հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին:Մոտավոր հաշվարկով, հաշվի առնելով ժամանակակից համաշխարհային գները, խոսքը մի քանի միլիոն դոլարի մասին է:
«Տարեվերջին պարզվեց՝ դեռ տարեսկզբին մեր առջև դրված խնդիրները եռակի, քառակի ավելին էին: Կարծիքները թե միջոցառումների բնույթի ու բովանդակության, և թե թանգարանային նոր ցուցադրության շուրջ խիստ դրական են թե Հայաստանի քաղաքացիների, թե սփյուռքահայերի, թե օտարերկրացիների շրջանում: Մենք կարողացել ենք ներկայանալի կերպով կազմակերպել բոլոր միջոցառումները: Սա իմ բոլոր ճամփորդությունների, հանդիպումների ու շփումների արդյունքում լսած կարծիքն է իրականացրած աշխատանքների վերաբերյալ»,- նշեց Հայկ Դեմոյանը՝ ավելացնելով, որ Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ իրազեկության աննախադեպ աճ կա: Աշխարհում Հայոց ցեղասպանության մասին տեղեկացել են բոլորովին անտեղյակ մարդիկ, նաև ստացել են գոնե տարրական գիտելիքներ թեմայի շուրջ:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական գծով փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը պատմեց գիտական ձեռքբերումների և հաջողությունների մասին: Այս տարի ՀՑԹԻ-ը կազմակերպել և հյուրընկալել է Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12-րդ գիտաժողովը, որն ամենահեղինակավորն է գիտական այս ոլորտում: ՀՑԹԻ գիտաշխատողները մասնակցել են ցեղասպանագիտական գիտաժողովների Կոպենհագենում, Չիկագոյում, Նյու Յորքում, Բեռլինում, Էդինբուրգում, Բուենոս Այրեսում, Վինիպեգում և այլ քաղաքներում: Կնքվել են համագործակցության հուշագրեր աշխարհում ցեղասպանություն ուսումնասիրող խոշորագույն կենտրոնների հետ, այդ թվում՝ Հարավային Կալիֆորնիայի համալսարանի ՇՈԱ հիմնադրամի, Փարիզի ՇՈԱ-ի հուշահամալիր-թանգարանի, Կանադայի մարդու իրավունքների թանգարանի, Լիդիցեի հուշահամալիրի և այլ թանգարանների ու գիտահետազոտական կենտրոնների հետ: ՀՑԹԻ փոխտնօրենն հիշատակեց՝ արդեն հինգերորդ տարին է Ռաֆայել Լեմկինի անվան կրթաթոշակ է տրամադրվում օտարերկրյա գիտնականներին՝ հնարավորություն տալով Հայոց ցեղասպանության թեմաներն ուսումնասիրել հենց թանգարան-ինստիտուտում:
«Հայոց ցեղասպանության թեման ուսումնասիրելու լավագույն տեղը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն է: Աշխարհում ոչ մի գրադարանում այդքան շատ նյութեր չկան»,- ասաց Սուրեն Մանուկյանը:
ՀՑԹԻ թանգարանային գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը ներկայացրեց տվյալներ այցելությունների մասին: Ապրիլին թանգարանի և նոր ցուցադրության բացումից հետո մինչև տարվա վերջ ավելի քան 70 հազար այցելու է ունեցել թանգարանը, որից շուրջ հիսուն հազարը՝ օտարազգի, մոտ տասնվեց հազարը՝ աշակերտներ և ուսանողներ Հայաստանի և սփյուռքի կրթօջախներից: 2015-ին հազարից ավելի Թուրքիայի քաղաքացիներ են այցելել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ:
Տարվա ընթացքում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ են այցելել պետության ղեկավարներ, այդ թվում՝ ՌԴ, Ֆրանսիայի, Կիպրոսի և Սերբիայի նախագահները: Ընդհանուր առմամբ, եղել է յոթանասունից ավելի պաշտոնական պատվիրակություն:
Ասուլիսի ավարտին ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը պատասխանեց լրագրողների հարցերին, մասնավորապես ներկայացրեց գալիք պլանները: ՀՑԹԻ ծրագրերը չեն ավարտվում 2015-ով, այս տարվա անելիքների հաջողությունենրից ոգեշնչված՝ կլինեն նոր ձեռնարկներ: Առաջիկայում պատրաստվում են մշտական և ժամանակավոր ցուցադրություններ Ռուսաստանում, Մերձբալթիկայում: