26.05.2014
Մայիսի 26-ին ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի գիտաժողովների սրահում մեկնարկեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող տարածաշրջանային հանձնախմբերի հավաք-հանդիպումը:
Հավաք-հանդիպմանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների աշխատանքները համակարգող Վիգեն Սարգսյանը:
Ելույթ ունեցան նաև պետական հանձնաժողովի անդամներ ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանը: Վերջինս իր խոսքում անդրադարձավ Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ կատարվող նախապատրաստական աշխատանքներին, մասնավորապես`թանգարանային նոր ցուցադրությանը, 100-ամյակի հանձնախմբերի, Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների հետ տարվող աշխատանքներին, միջազգային համագործակցություններին և այլն:
Հայկ Դեմոյանը կարևորեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ թանգարանային ժամանակավոր ցուցադրությունների կազմակերպման անհրաժեշտությունը: «Թանգարանները վաղուց արդեն դուրս են եկել իրենց նախնական առաքելության շրջաններից: Այժմ թանգարանները հստակ ներքին և արտաքին քաղաքականության մաս են կազմում» , - նշեց ՀՑԹԻ տնօրենը:
Զեկույցներով հանդես եկան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող տարածաշրջանային հանձնախմբերի ներկայացուցիչները, հանձնաժողովների և կենտրոնական մարմինների ատենապետերը: