26.05.2022
Հայաստան ժամանած Հակամարտության գոտիներում ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի (ALIPH - International alliance for the protection of heritage in conflict areas) գործադիր տնօրեն Վալերի Ֆրելանը և դաշինքի ծրագրերի պատասխանատու Էլզա Ուրիզվերեան մայիսի 26-ին այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳՆ Բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ Նունե Զաստուխովայի ուղեկցությամբ:
Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը:
Նրանք ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: