26.07.2022
1981-ից անցկացվող Համահոմենընթմենական մարզախաղերն արդեն չորրորդ անգամ տեղի են ունենալու Հայաստանում (հուլիսի 20-30): 16 երկրի ավելի քան 850 մասնակից եկել է Երևան՝ մրցելու 12 մարզաձևում: Խաղերի հիմնական նպատակն աշխարհասփյուռ հայ երիտասարդության համախմբումն է:
Համա-ՀՄԸՄ-ական 11-րդ մարզախաղերի բացման արարողության մեկնարկը տրվեց Ծիծեռնակաբերդի բարձունքից հուլիսի 22-ին: Անմար կրակից վառվեց մարզախաղերի ջահը և փոխանցումավազքով հասցվեց Ազատության հրապարակ, որտեղ էլ տեղի ունեցավ բացման հանդիսավոր արարողությունը: Իսկ արդեն այսօր՝ հուլիսի 26-ին, Համա-ՀՄԸՄ-ական 11-րդ մարզախաղերի մասնակիցներն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան: Նրանք ծաղկեպսակ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը: Մասնակիցները շրջեցին Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: