26.10.2022
Բանախոս՝ Շուշան Խաչատրյան, ՀՑԹԻ Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի վարիչ, պ.գ.թ.
Թեմա՝ Պայքար հայ մնալու համար. հայ երեխաների դիմադրումը բռնի թրքացմանը
Դպրոց՝ Վաղարշապատի Զորավար Անդրանիկի անվան թիվ 12 հիմնական դպրոց, 9-րդ դասարան
Հոկտեմբերի 25-ին ՀՑԹԻ գիտաժողովների սրահում տեղի ունեցավ դպրոցականների համար մշակված կրթական ծրագրերի 2022 թ. հերթական հանդիպումը: ՀՑԹԻ Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի վարիչ, պ.գ.թ. Շուշան Խաչատրյանն աշակերտներին ներկայացրեց «Պայքար հայ մնալու համար. հայ երեխաների դիմադրումը բռնի թրքացմանը» թեմայով դասախոսություն, որի ընթացքում անդրադարձ կատարվեց Հայոց ցեղասպանության տարիներին Օսմանյան կայսրության տարբեր բնակավայրերում բացված թուրքական որբանոցներին, որոնց հիմնական նպատակը հայ երեխաներին բռնի թրքացնելն էր: Բանախոսը ներկայացրեց թուրքական որբանոցներում տիրող կանոններին, պատժի ձևերին, անդրադարձավ այդ որբանոցներում եղած մի քանի հայ որբերի հուշագրություններին՝ շեշտադրում կատարելով հայ երեխաների հայ մնալու պայքարին:
Դասախոսության ավարտին աշակերտները հնարավորություն ունեցան հարցեր ուղղելու բանախոսին:
Կրթական ծրագրի շրջանակներում դպրոցականները Հայոց ցեղասպանության հուշահամալիրի անմար կրակի մոտ ծաղիկներ դրեցին և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը, այնուհետև շրջեցին Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: