26.12.2024
1918 թ. օսմանյան գրավումով սկիզբ առան և 1919 թ. թուրք-ադրբեջանական համատեղ գործողություններով շարունակվեցին Նախիջևանի գավառում հայերի զանգվածային սպանությունները և տեղահանությունը: Որպես հետևանք՝ հայերը Նախիջևանում դարձան բացարձակ փոքրամասնություն*:
1919 թ. դեկտեմբերի 21-ից 26-ը հարձակման և կոտորածի էին ենթարկվել նաև Ներքին և Վերին Ագուլիս գյուղերի հայերը**։
Ինչով էր առանձնահատուկ Ագուլիսը
Վերին Ագուլիս գյուղը (ներկայումս` Վերին (Յուխարը) Այլիս՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Օրդուբադի շրջան) եղել է պատմական Գողթան գավառի թեմական կենտրոնը՝ Սբ. Թովմա առաքյալի վանքով: Պատմականորեն տեղի հայերին անվանել են զոկեր, որոնք ունեին իրենց հատուկ խոսվածքը: Իրանական տիրապետության շրջանում Ագուլիսը և Արաքս գետի հովտում հայաբնակ այլ վայրերը տնտեսական և մշակութային վերելք ապրեցին՝ պայմանավորված հայ վաճառականների առաջխաղացմամբ և հարստությամբ։
1826-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմից հետո, երբ Ագուլիսն անցավ ռուսական տիրապետության տակ, այնտեղ ու մոտակա գյուղերում որոշ հայ ընտանիքներ հիմնել էին իրենց առևտրական ընկերությունները, որոնք զբաղվում էին մետաքսի, բամբակի և բրդի տարանցիկ առևտրով։ Հայկական թաղամասում գտնվող շուկայում խանութների ու կրպակների մեծ մասը պատկանում էր հայ վաճառականներին ու արհեստավորներին: Հարուստ ագուլիսահայերի հովանավորությամբ գյուղում գործում էին տղաների և աղջիկների ուսումնարաններ: Երվանդ Լալայանը նկատում էր, որ Վերին Ագուլիսում գրեթե բոլորը եվրոպական ոճի հագուստ էին կրում, իսկ բարձրագույն կրթություն ստանալը Ագուլիսի հարուստ ընտանիքների միջև մրցակցության և հեղինակության ցուցիչներից էր [4, 152-153]։ 1919 թ․ սեպտեմբերի 23-ին Ագուլիս այցելած Ամերիկյան նպաստամատույցի աշխատակիցներ Քլարենս Աշերը և Քարլթոն Այերը Ագուլիսը նկարագրել էին որպես դրախտային պարտեզ՝ վերին թաղամասի պատշգամբներով ու խաղողի այգիներով, կոկիկ տներով և քաղաքավարի մարդկանցով, ովքեր «պատիվ կբերեին ցանկացած քաղաքկրթված հասարակությանը» [9, 235-236]:
1918 թ․ Հայաստանի անկախացումից և Օսմանյան կայսրության՝ Առաջին համաշխարհային պատերազմում պարտությունից հետո Նախիջևանն ընդգրկվեց Հայաստանի Հանրապետության կազմում։ Վերին Ագուլիսը դարձավ Նախիջևանի Գողթան գավառի վարչական կենտրոնը: Ագուլիսում տեղի ունեցած իրադարձությունները վճռորոշ էին գավառի ճակատագրի համար։
Որն էր կոտորածի համատեքստը
1919 թ. հուլիս-օգոստոսին թուրք-ադրբեջանական ուժերը, Նախիջևանում հայկական իշխանության և վարչակազմի դեմ ապստամբություն կազմակերպելով, իրենց ձեռքը վերցրին շրջանի վերահսկողությունը, ինչն ուղեկցվեց Նախիջևանում հայ բնակչության զանգվածային սպանություններով և տեղահանությամբ։ Գողթնի հյուսիսային գյուղերը կարողացան ինքնապաշտպանվել և անառիկ մնալ, իսկ Ագուլիսի հայերը, շրջապատված լինելով թաթարական գյուղերով և փորձելով զերծ մնալ բռնություններից, հպատակություն հայտնեցին ադրբեջանական ղեկավարներին։ Ադրբեջանական իշխանության ներքո Ագուլիսում անպատիժ էին մնում և խրախուսվում հայերի կողոպուտներն ու սպանությունները: Ամերիկյան նպաստամատույցի պաշտոնյան 1919 թ․ սեպտեմբերին հայտնում էր, որ Ագուլիսում հայերը պատանդի կարգավիճակում էին և մեկ այլ տեղ թաթարների հնարավոր դժվարությունների դեպքում հաշվեհարդարի զոհ էին դառնալու։ Իսկ ագուլիսահայերը ցանկությունն էր, որ «․․․գիւղի բնակչութիւնը թողնելով ամբողջ ինչքն ու կայքը, միայն կենդանի շնչով կարողանայ դուրս գալ այնտեղից» [2, 16]։
1919 թ․ նոյեմբերի վերջին Զանգեզուրը գրավելու ադրբեջանական անհաջող փորձից հետո Նախիջևանի ղեկավարները դեպի Ագուլիսի մոտակա գյուղեր ուղղորդեցին Զանգեզուրից դուրս եկած մուսուլման բնակիչներին: Օրդուբադի ադրբեջանական ղեկավարների պահանջով Ագուլիսից բանագնացություն էր ուղարկվել Զանգեզուր՝ համոզելու հայկական իշխանություններին կանխել հետագա առաջխաղացումները. «հակառակ դէպքում սպառնում էին վրէժը Ագուլիսից լուծել» [5, 338]: Դեկտեմբերի 20-ին Նախիջևանի նահանգապետ Սամեդ բեյը Բաքվի իշխանություններին տեղեկացնում էր, որ պարսկական կողմը մուսուլման փախստականներին գրավում էր մեծ խոստումներով, և «...եթե կառավարության համար թանկ է այդ երկրամասի պահպանումը, ապա թող անհապաղ դրամ ուղարկի՝ փրկելու գաղթականների կյանքը և պահելու նրանց տեղում» [6, 157-158]։ Ըստ Սիմոն Վրացյանի՝ արդեն 1920 թ․ հունվարի առաջին օրերին, Բաքվից տեղեկություն էր ստացվել, որ ադրբեջանական իշխանությունները մշակել էին Հարավային Զանգեզուրը, Գողթնը, Օրդուբադը և Նախիջևանը Ադրբեջանին ու Թուրքիային հավատարիմ մարտական տարրերով բնակեցնելու և առաջին հերթին «Նախիջևանի շրջանի հարավային մասը հայ տարրից մաքրագործելու» ծրագիրը»։ Վրացյանը նշում էր, որ «Ագուլիսի կոտորածը այս ծրագրի սկզբնական քայլն էր» [7, 360]:
Ինչ տեղի ունեցավ Ագուլիսում
Դեկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը սկսվել էր Օրդուբադի և շրջակայքի թաթարական բնակչության ընդհանուր հարձակումը Ներքին Ագուլիս գյուղի վրա՝ ուղեկցվելով հրդեհով ու թալանով: Փրկվածները (մոտ 300 հոգի) շարժվել էին դեպի Վերին Ագուլիս:
Վերին Ագուլիսի դեմ հարձակումը սկսվել էր դեկտեմբերի 24-ի երեկոյան՝ հրացանաձգությամբ և փողոցային սպանություններով, որոնք գլխավորել էր տեղացի ոստիկանական տեսուչը: Հրդեհվել և կողոպտվել էին մեծահարուստների տների, դպրոցի շենքը։ Զինված ինքնապաշտպանություն տեղի էր ունեցել միայն 3 տներում, ագուլեցիների որոշ խմբեր կարողացել էին փախչել և օրեր անց հասնել մոտակա հայկական դիրքեր:
Ագուլիսի բնակչության մեծ մասը ադրբեջանական ղեկավարների հովանավորությամբ դեկտեմբերի 24-ի գիշերը տեղափոխվել էր գյուղի մուսուլմանական թաղի մոտ ոստիկանապետ Մունշիևի և 2 այլ տներ։ Դեկտեմբերի 25-ի առավոտյան գավառապետ Թաիրովը Օրդուբադ եկող Խալիլ փաշային*** դիմավորելու պատրվակով հեռացել էր՝ խոստանալով կա՛մ հայերին փոխադրել հայկական իշխանության սահմանում գտնվող Ցղնա գյուղ, կա՛մ Պարսկաստան: Դրանից հետո ոստիկանապետի տուն էին եկել զինյալ թաթարներ, իսկ մի քանի մուսուլմաններ իրենց ծանոթներին տեղափոխել էին իրենց տներ: Կեսօրին տեղացի գյուղական առաջնորդ, նախկին դատապարտյալ Սատտարը գալով ագուլեցիների մոտ, հայտնել էր, թե կարգադրված է մարդկանց տանել Ցղնա: Ոստիկանապետը հրամայել էր ագուլեցիներին սենյակներից դուրս գալ դեպի փողոց, հայերին սկսել էին մտրակելով դուրս հանել, և սկսվել էր զանգվածային կոտորած:
Ըստ հուշագիր Հովհաննես Հախնազարյանի․ «Մոնշիևի, ուսուցիչ Վահաբ էֆենդիի հսկողութեան ներքոյ, թուրք ակեարները, ոստիկաններն ու տեղական զինւած թուրք երիտասարդները, ներքնայարկերից հանում են տղամարդկանց, շարք կանգնեցնում ու գնդակահարում» [5, 360-361]: Ըստ մեկ այլ հուշագրի․ «Առաջ սկսեցին վրաների շորերն հանել եւ մօտի կապկպոցներն առնել, քարեղէնը հանել: Մերկ, տկլոր սկսեցին սպանել անխնայ կերպով։ Պրիստավն էր կարգադրում թէ ինչ տեսակ սպանել եւ այդ ժամանակ երգում էին «Արշին մալ ալան» մի երգ եւ ածում էին գարմոնով ու խմբով էին երգում ․․․Երեք տանն էլ միասին սկսեցին կոտորել ժողովրդին։ Ամբողջ փողոցը, հաեաթը լիքը սպանւածների դիակներ էր։ Մանաւանդ որ երեխայք շատ էին։ Ռակի պես դիակները բլդբլդում էին ամբողջ ժամանակ։ Կոտորածը վերջացաւ մօտ երեկ[ոյան] ժամը 51/2» [2, 78]։ Ըստ Ագուլիսի հաշտարար դատավոր Հովաննես Տեր-Անտոնյանի, ով փրկվել էր՝ ոստիկանապետի սենյակում թաքնվելով, մոտ երկու ժամ լսելի էր համազարկերով հրացանաձգություն, և կասկած չէր մնում, որ կրակում էին կազմակերպված զորամասեր [6, 201-202]։
Հատկանշական է այն հանգամանքը, որ կոտորածն արտոնվել է օսմանյան հրամանատարների անունից։ Հ․ Հախնազարյանը նշում էր, թե կոտորածի ժամանակ «․․․տղամարդկանց յայտարարում են ամենայն դաժանութեամբ, որ Ալի Էհսան փաշան**** հրամայել է կոտորել հայերին», և որ վերջինս «...ընդառաջել էր Օրդուբադի Շեյխի դիմումին՝ ագուլեցիներին անխտիր կերպով սրի քաշելու» [5, 360-361, 371]: Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» վեպում Ագուլիսի ադրբեջանցիները պատմում էին, որ Օրդուբադի թուրք կոմենդանտ Էդիֆ բեյը և նրա թուրք զինվորներն էին իրականացրել սպանդը։ Իսկ Ագուլիսի հարձակման ականատեսներից Շմավոն Հախնազարյանն հիշատակում էր, որ «․․․Կոտորածը դեռ նոր է սկսվել, երբ Օրդուբատից տաճիկ Խալիլ բեկը***** հրամայում է դադարեցնել կոտորածը։ Հեռախոսով ագուլեցի մոլլա Վահաբը (նա անցնում է պարտիայի շարքերը) հայտնում է, որ արդեն բոլորին կոտորել են եւ դուրս է գալիս բղավում է՝ կոտորեցեք գնդակներով եւ շուտ, որովհետեւ Խալիլ բեկին խաբել եմ՝ որ արդեն բոլորին կոտորել ենք» [2, 116]։ Այլիսլին նույնպես, հիշելով Ագուլիսի ջարդի ականատես իր մոր պատմությունները, գրում էր․ «․․․Անամոթ Միրզա Վահաբը, ով ամեն օր Ղուրան էր կարդում և գիտնականի համբավ ուներ, կանգնել էր կողքի և ոգևորում էր մարդասպաններին՝ ձեր սվիններն օգտագործե՛ք, սվինահարե՛ք նրանց, խնայե՛ք ռազմամթերքը» [8, 296]։ Կոտորածից հետո Վահաբը շարունակել էր ապրել հայ ընտանիքի տանը, մահմեդականացրել և ամուսնացել էր իրենից 20 տարով փոքր Անիկո-Անըխի հետ, ով փրկվել էր կոտորածից՝ թաքնվելով թոնրում [8, 121] (նկար 1.)։
Ընդհանուր առմամբ՝ սպանվել էին մոտ 1000 վերին և ներքինագուլեցիներ, փախչելով փրկվել էին 145-150 հոգի: Գերեվարված մոտ 100-110 հոգի կանայք և երեխաներ Թավրիզ էին հասել 1920 թ. փետրվարի 9-ին ամերիկացի գնդապետ, Դաշնակից պետությունների գերագույն կոմիսար Վիլյամ Հասկելի միջնորդությամբ: Հայերը նաև խնդրել էին ազատել թաթարական տներում գտնվող 60-80 հայ կանանց և օրիորդներին և Օրդուբադի բանտում վեց հայ տղամարդկանց [3, 348-351]: Ըստ հուշագրի՝ բաց թողնված և Ցղնա հասած 2 կանանց դեմքերը եղել էին այլակերպված, մազերը՝ «թուրքի նման խուզած», նրանց նամազ էին սովորեցրել [2, 81]: Հ. Հախնազարյանի վկայությամբ՝ ոստիկանապետ Մունշիևը Նախիջևանի խորհրդայնացումից հետո Ագուլիսից գերեվարված կանանց վաճառել էր Թավրիզի թեմի առաջնորդարանին 1 ոսկի դրամով և երկու հայ կնոջ դեռ պահում էր իր տանը [5, 361-362]:
Ագուլիսը հայերից հետո
1920 թ․ հունվարի 14-ին Հայաստանի արտգործ նախարարության՝ Ադրբեջանի արտգործ նախարարին ուղղված բողոքի հեռագրում ասվում էր․ «Երկիրը և հասարակությունը խորապես վրդովված է Գողթանի լոյալ և անզեն բնակչության բնաջնջմամբ, պահանջում է ձեռնարկել արմատական միջոցառումներ» [6, 196-197]։ Հունվարի 21-ի պատասխան հեռագրով ադրբեջանական իշխանությունները հարձակումը վերագրում էին Զանգեզուրից դուրս եկած զինյալ խմբերին և խոստանում ստուգել ադրբեջանական սպաների մասնակցության հարցը [1]:
1920 թ. մարտին Գարեգին Նժդեհի փորձը՝ Ագուլիսի և Օրդուբադի գրավումով Գողթնի և Մեղրիի միջև ուղիղ կապ հաստատել, չհասավ իր վերջնանպատակին։ Գողթնի լեռնային գյուղերը թեև շարունակեցին պայքարել, սակայն մեկուսացած լինելով և տնտեսական բավարար ներուժ չունենալով՝ 1920-1921 թթ. ձմռանը՝ Հայաստանի խորհրդայնացումից հետո, դադարեցրին ինքնապաշտպանությունը՝ մնալով խորհրդային Նախիջևանի կազմում:
1919 թ․-ից հետո ագուլիսահայերի տներում բնակություն հաստատեցին տեղի և Զանգեզուրի թաթարները: Ագուլիսի ոչնչացմամբ կորսվեց նաև զոկական կենդանի մշակույթի մի զգալի հատված։ Վերջին տասնամյակներում ոչնչացվեցին տեղի հայկական հուշարձանները, իսկ Սբ. Թովմա երբեմնի առաջնորդանիստ վանքի տեղում կառուցվել է մզկիթ (նկար 3.)։ Այժմ, Աքրամ Այլիսլիի բնորոշմամբ, Ագուլիսը «չունի Աստված և Հիշողություն, չունի Պատմություն և Կենսագրություն» [8, 291]:
* 1926 թ․մարդահամարի տվյալներով հայ բնակչությունը կազմում էր Նախիջևանի ընդհանուր բնակչության թվի միայն 10․8 տոկոսը (11․3 հազար մարդ)՝ ի տարբերություն 1916 թ․ շուրջ 40 տոկոսի (54 հազար մարդ)։
**Ազգագրագետ Երվանդ Լալայանի տվյալներով՝ 1904 թ․ շրջանի 55 գյուղերը և Օրդուբադ քաղաքն ունեին 9946 հոգի հայ և 14736 հոգի մուսուլման բնակչություն։ Վերին Ագուլիսն ուներ 2205 հայ, 731 մուսուլման բնակչություն։ Վ․ Ագուլիսին էր կապված նաև Ներքին Ագուլիս կամ Դաշտ գյուղը, որտեղ ապրում էին միայն հայեր՝ 1904 թ․ դրությամբ 739 հոգի (տե՛ս՝ Երվանդ Լալայան, «Նախիջեւանի գաւառ, Ա մասն, Գողթն կամ Օրդուբադի ոստիկանական շրջան», Ազգագրական հանդես, գիրք XI (1904), 305, 314)։ Շրջանում ամենամեծ բնակավայրը Օրդուբադ քաղաքն էր՝ հիմնականում մուսուլման բնակչությամբ (1907 թ. տվյալներով՝ 4941 բնակիչներից 4447-ը թաթարներ էին, 399-ը՝ հայեր, 94-ը՝ ռուսներ․ տե՛ս George A. Bournoutian, Armenia and Imperial Decline. The Yerevan Province, 1900-1914. (London and New York: Routledge, 2018), 43, 45):
*** 1918 թ. Կովկասյան ճակատի օսմանյան հրամանատար Հալիլ կամ Խալիլ փաշան (Էնվերի հորեղբայրը), ով պատերազմի տարիներին հայտնի էր Օսմանյան կայսրությունում և Բաքվում հայերի զանգվածային ջարդերի կազմակերպմամբ: Փախչելով Կոստանդնուպոլսի բանտից՝ օսմանյան 15-րդ բանակային կորպուսի հրամանատար Քյազըմ Կարաբեքիրի օգնությամբ և ցուցումներով, Դեմիր Ալի կեղծանունով 1919 թ․ սեպտեմբերին անցնել էր Նախիջևանից դեպի Բաքու: Նա պետք է կապ հաստատեր Կովկասում բոլշևիկների հետ՝ ապահովելու համար Ռուսաստանի օգնությունը, միևնույն ժամանակ օգնելով կազմակերպել Հայաստանի հաղորդակցության ուղիների և ռազմամթերքի սաբոտաժը [9, 212-213]:
**** Կարող է նույնականացվել Ալի Իհսան Սաբիսին, ով եղել է օսմանյան 6-րդ բանակի հրամանատարը։ Նրա զորամասերը 1918 թ․ հունիսին մտել են Թավրիզ։ Ալի Իհսանը եղել է Օսմանյան կայսրությունում և Իրանի Խոյի, Սլամաստի, Ուրմիայի շրջաններում հայերի ու ասորիների ջարդերի գլխավոր կազմակերպիչներից։ Պատերազմից հետո ձերբակալվել է բրիտանացիների կողմից, աքսորվել Մալթա, կարճ ժամանակ անց վերադրձվել Թուրքիա։
***** 1918 թ. Օսմանյան զորքերին Նախիջևան առաջնորդած գնդապետ Խալիլ բեյը, 1919 թ․ Կարաբեքիրից ցուցումներ ստանալով, գլխավորել է Շարուր-Նախիջևանի մուսուլմանների ապստամբությունը: Ամերիկյան ներկայացուցիչներին Խալիլը շատ հանդուգն և կոպիտ էր ներկայացել, Կոստանդնուպոլսում անգլիացիները խնդրել էին նրա՝ բանակի կանոնավոր սպա լինելու մասին տվյալներ տրամադրել` նրան հետ կանչելու և ձերբակալելու համար [տե՛ս 9, ծան. 33]:
Էլեն Հակոբյան, ասպիրանտ (Երևանի Պետական Համալսարան),
էքսկուրսավար («Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամ)
Հղումներ
[1] «Ադրբէջանի արտաքին գործերի նախարարի ամսիս 21-ի հեռագիրը Հայաստանի արտաքին գործերի նախարարին». Յառաջ (Երևան), հունվ․ 24, 1920, 2։
[2] Այվազյան Ա., Ագուլիսի 1919 թ. ողբերգություն-եղեռնը։ Ականատեսների և ժամանակակիցների վկայություններ. Երևան. Հեղ. հրատ., 2013։
[3] Այվազյան Ա., Նախիջևանը 1905 թ. և 1918– 1919 թթ. կրակե շղթայի գոյամարտերում. Երևան, 2005:
[4] Լալայան Ե․, «Նախիջեւանի գաւառ, Ա մասն, Գողթն կամ Օրդուբադի ոստիկանական շրջան»․ Ազգագրական հանդես, գիրք 12 (1904), 109-173:
[5] Հախնազարեան Յ., Գողթան գաւառ (պատմագրութիւն եւ յուշագրութիւն). Թեհրան, 1991:
[6] Նախիջևան-Շարուրը 1918 – 1921 թթ.. փաստաթղթեր և նյութեր. Բանբեր Հայաստանի արխիվների, 1(95)-2(96), 1993:
[7] Վրացյան Ս., Հայաստանի Հանրապետություն. Երևան. «Հայաստան», 1993:
[8] Aylisli, Akram, Farewell, Aylis: A Non-Traditional Novel in Three Works, trans. Katherine E. Young. Brighton: Academic Studies Press, 2018.
[9] Hovannisian, Richard G., The Republic of Armenia, Vol. II: From Versailles to London, 1919-1920. Berkeley, Los Angeles and London: University of California Press, 1982.
Միրզա Վահաբ Հասանզադեն կնոջ՝ Անիկո-Անըխի և զավակների հետ. վերցված`
https://tv.ikisahil.az/post/126921-gorkemli-siyasi-xadim-taninmish-alim
Վերին Ագուլիսի՝ երբեմնի առաջնորդանիստ Սբ․ Թովմա առաքյալի վանքը և նկարազարդ թմբուկը 1987 թ․
(լուս․՝ Զ․ Սարգսյանի, Կարապետյան, Ս․: Ադրբեջանը քաղաքակրթությունից դուրս, Երևան: ՀՃՈՒՀ, 2017, 139)
Ոչնչացված Սբ․ Թովմա առաքյալի վանքի տեղում 2014 թ․ կառուցված մզկիթը (նկարը՝ Google-ից, 2021 թ․)
Լուսիկ Ագուլեցու (1946-2018) նկարներից մեկը, որում պատկերված է Ագուլիսի նրանց տունը (Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարան)