27.01.2022
Իրավագետ Ռաֆայել Լեմկինը առանձնահատուկ ներդրում է ունեցել ցեղասպանագիտության` որպես գիտական առանձին ճյուղի ձևավորման և զարգացման գործում: Նա ոչ միայն առաջ է քաշել «ցեղասպանություն» եզրույթը և գործուն մասնակցություն ունեցել 1948 թ. դեկտեմբերի 9-ի ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիայի կազմման գործին, այլև առաջին անգամ հիմնավոր ուսումնասիրել է պատմության ընթացքում տեղի ունեցած տարբեր ցեղասպանությունները:
Կատարված ուսումնասիրությունների հիման վրա ցեղասպանագետների գերակշռող մասը հանգել է այն եզրակացության, որ Լեմկինի կյանքում ճակատագրական նշանակություն են ունեցել XX դարում տեղի ունեցած երկու խոշոր ցեղասպանությունները` Հայոց ցեղասպանությունը և հրեաների Հոլոքոստը:
Դեռևս իր գործունեության սկզբնական շրջանում Հայոց ցեղասպանության` Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ իրականացված հանցագործության խնդրի հետ կապված Լեմկինը բարձրացնում է ժամանակի միջազգային իրավունքի անկատար լինելու հարցը: Դրանով է պայմանավորված, որ միջազգային քրեական իրավունքի հարցերին նվիրված 1933 թ․ Մադրիդի կոնֆերանսում նա ներկայացնում է իր զեկույցը, որում անուղղակիորեն զգուշացնում է, որ Հայոց ցեղասպանություն հանցագործության նկատմամբ անտարբերությունը և անպատժելիությունը կարող է հանգեցնել ցեղասպանության հանցագործության կրկնությանը, ինչ և տեղի ունեցավ նացիստական Գերմանիայի կողմից։
Հանցագործությունը պատժելու վերաբերյալ զեկույցի մերժումից հետո Լեմկինը շարունակում է պայքարը: 1944 թ. «Առանցքի տերությունների կառավարումը բռնազավթված Եվրոպայում» աշխատության մեջ նրա կողմից «ցեղասպանություն» եզրույթի ստեղծումը կարելի է համարել 1933 թ․ առաջարկների տրամաբական զարգացումը:
Այս համատեքստում պատահական չէ, որ Հիտլերը խրախուսում էր իր գեներալներին ներխուժել Լեհաստան՝ հարցնելով. «Ո՞վ է, ի վերջո, այսօր խոսում հայերի ոչնչացման մասին»։ Այսինքն՝ Հայոց ցեղասպանությունն իրագործած երիտթուրք հանցագործների անպատիժ մնալու հանգամանքը նպաստեց հրեաների Հոլոքոստի իրագործմանը։
Թերևս նաև այս հանգամանքով է պայմանավորված, որ Ցեղասպանություն հանցագործության սահմանման և կանխարգելման գործին նվիրված իր ահռելի գիտական ժառանգության շրջանակներում իրավաբանը հատուկ զուգահեռներ է անցկացնում Հայոց ցեղասպանության և հրեաների Հոլոքոստի միջև՝ Օսմանյան կայսրությունում հայերի դրությունը համեմատելով Գերմանիայում հրեաների դրության հետ։ Նրա բնորոշմամբ՝ հայերը կայսրության աշխատասեր քաղաքացիներն էին՝ արհեստի և մտավոր ունակությունների տաղանդով, և առևտրի մեջ ունեին նույն ձիրքն, ինչ հրեաները։
Եվ հատկանշական է, որ նա հանցագործության սահմանման գործում կարևորում է առանձին խմբերի ոչնչացման մտադրության առկայության հանգամանքը՝ ընդգծելով, որ թե՛ Հայոց ցեղասպանության, և թե՛ հրեաների Հոլոքոստի իրագործման հիմքում ընկած է եղել հայերին և հրեաներին` որպես առանձին խմբերի ոչնչացման մտադրությունը։ Այս իրողությունը ցույց է տալիս, որ թուրք ժխտողականների այն պնդումները, թե «ցեղասպանություն» եզրույթը ստեղծելիս Լեմկինը Հայոց ցեղասպանությունը նկատի չի ունեցել, ամբողջովին անհիմն են։
Ռաֆայել Լեմկինի 1949 թ. CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցից կադր
1949 թ. CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ռաֆայել Լեմկինը նշում է. «Ես հետաքրքրվեցի ցեղասպանությամբ, որովհետև այն շատ անգամ տեղի ունեցավ, այն տեղի ունեցավ հայերի հետ և դրանից հետո հայերը շատ կոշտ վերաբերմունքի արժանացան Վերսալի կոնֆերանսում, քանի որ նրանց ցեղասպանության իրագործման մեջ մեղավոր հանցագործները չպատժվեցին… Որպես իրավաբան` ես մտածեցի, որ հանցագործությունը ոչ թե պետք է պատժվի զոհերի, այլ դատարանի կողմից միջազգային օրենքով»: Ապա անդրադառնալով ցեղասպանություն հանցագործության կանխարգելմանն ուղղված իր պայքարին՝ նա նշում է․ «Ես ինքս ինձ ասացի, որ պատրաստվում եմ ինչ-որ բան անել դրա դեմ: Եվ ես կոնվենցիայի նախագիծ ներկայացրեցի իրավական փորձագետների հանձնաժողովին, որը կապված էր Ազգերի լիգայի հետ։ Սակայն ոչ մի գործողություն չձեռնարկվեց, բայց հետո Հիտլերը գործի անցավ»։
Նարեկ Պողոսյան
ՀՑԹԻ Վահագն Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի գիտաշխատող
Ծանոթագրություններ
Ռաֆայել Լեմկինի 1949 թ. CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցը՝
https://vimeo.com/125514772