Այսօր Ծիծեռնակաբերդի բարձունքում՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում, տեղի ունեցավ ամենամյա «Ծաղկահավաք» միջոցառումը. հավաքվեցին ապրիլի 24-ի ծաղիկները երկրորդ կյանք ստանալու համար:
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ, 2010թ.-ից ի վեր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին դրված ծաղիկներն ամեն տարի հավաքվում են և հատուկ մշակման ենթարկվում: Ծաղիկների ցողունն անջատվում է ծաղկաթերթերից. առաջինից պարարտախառնուրդ է ստացվում, իսկ ծաղկաթերթերն օգտագործվում են ձեռակերտ վերամշակված թուղթ պատրաստելու համար: Այս տարի ցուցադրվեց նաև ծաղկաթերթիկներից պատրաստված մոմեր:
Պարարտախառնուրդն օգտագործվում է Հիշողության պուրակում հողի մշակման համար, իսկ ձեռակերտ թղթից հուշագրեր, շնորհակալագրեր, բացիկներ են պատրաստվում: Նախաձեռնությունը մեկտեղում է պոկված ծաղիկներին «երկրորդ կյանք» հաղորդելու խորհուրդը և բնապահպանական՝ վերամշակման միջոցով կրկին օգտագործելու առաքելությունը:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ծաղկաթղթերի վրա է տպագրել Հայոց ցեղասպանության թանգարանի հիմնադրման 20 ամյակին նվիրված փոստային բացիկը, բազմաթիվ շնորհակալագրեր, երախտագիտության վկայագրեր, հուշագրեր և այլն:
Ծաղկահավաքին ավանդաբար մասնակցում են բազմաթիվ կամավորներ՝ հասարակական, միջազգային, մասնավոր ու պետական հատվածների ներկայացուցիչներ, դպրոցականներ և ուսանողներ: Այս տարի միջոցառումը կազմակերպել էր ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խումբը՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի օժանդակությամբ: