27.04.2022
2022 թ. ապրիլի 29-ին՝ ժամը 11:00-ին, Հայոց ցեղասպանության թանգարանում տեղի կունենա
«Հայերի սարսափները հոլանդացիների աչքերով» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը:
Ցուցադրության միջոցով առաջին անգամ անդրադարձ է կատարվում հայերի կոտորածների և Հայոց ցեղասպանության թեմայի վերաբերյալ հոլանդական արձագանքին: Չորս խորագրային պանելից կազմված երկլեզու (հայերեն և անգլերեն) ժամանակավոր ցուցադրության մեջ ներկայացված են բնօրինակ փաստաթղթեր, իլյուստրացիոն նյութեր, ժամանակի հոլանդական մամուլում տեղ գտած Հայոց ցեղասպանության թեմայով բացառիկ նմուշներ, որոնք առաջին անգամ են դրվում շրջանառության մեջ: Ներկայացված նյութերի մեծ մասը ցուցադրության հեղինակ՝ հոլանդացի հետազոտող դոկտոր Դիրք Ռոոդզանտի անձնական հավաքածուից է:
Ցուցադրությունը կազմակերպվում է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի, Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության և դոկտոր Դիրք Ռոոդզանտի համագործակցությամբ:
Դոկտոր Դիրք Ռոոդզանտը ապրիլի 29-ին՝ ժամը 12:00-ին, ՀՑԹԻ գիտաժողովների սրահում հանդես կգա նաև համանուն թեմայով դասախոսությամբ:
Ցուցադրությունը կգործի մինչև 2022 թվականի սեպտեմբեր ամիսը: