27.04.2023
Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 27-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լուոյի ուղեկցությամբ:
Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:
Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները ծաղկեպսակներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Ֆրանսիայի ԱԳ նախարար տիկին Կատրին Կոլոննան Հայոց ցեղասպանության թանգարանում գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը տիկին Կատրին Կոլոննային նվիրեց 2020 թ. Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի ղեկավարի աջակցությամբ լույս տեսած «Հոշոտված Հայաստան». Ավրորա Մարդիգանյանի պատմությունը» գրքի ֆրանսերեն հրատարակությունը և “International Journal of Armenian Genocide Studies” 2022 թ. երկրորդ համարը, որն ամբողջությամբ նվիրված է Արցախի հիմնախնդրին:
Այցի ավարտին հյուրերը շրջեցին Հիշողության պուրակում, որտեղ Ֆրանսիայի ԱԳ նախարարը ջրեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի 2018 թ.-ին տնկած արծաթափայլ եղևնին: