ՇՎԵԴԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՌԻԿՍԴԱԳԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան ժամանած Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի նախագահ Անդրեաս Նորլենի գլխավորած պատվիրակությունը ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանի և Շվեդիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ալեքսանդր Արզումանյանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը բարձրաստիճան հյուրին և նրա ուղեկիցներին ներկայացրեց Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման պատմությունը, նրա խորհուրդը:
Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի նախագահը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Պատվիրակության անդամները նաև ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և լռությամբ հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը: Շվեդիայից ժամանած պատվիրակությունն այցելեց նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ՀՑԹԻ փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանի ուղեկցությամբ ծանոթացավ թանգարանային ցուցադրությանը, Հակոց ցեղասպանության պատմության մանրամասներին:
ՀՑԹԻ տնօրենը Անդրեաս Նորլենին նվիրեց ամերիկյան մամուլում հրատարակված Հայոց ցեղասպանության մասին հոդվածների հատորներ: Այցի ավարտին Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի նախագահը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում.
«Շնորհակալություն, որ օգնում եք մեզ չմոռանալ այն, ինչ երբեք չպետք է մոռացվի»: