27.11.2024
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի նախաձեռնությամբ ստեղծված և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի 2023 թ. հունիսի 13-ի 878-Ա/2 հրամանով երաշխավորված «Հայոց ցեղասպանության հիմնահարցեր» դասընթացն արդեն ներդրվել է երկու դպրոցում:
Թալինի ավագ դպրոցի ուսուցչուհի Մարգարիտ Կարապետյանն առաջին ուսուցիչն էր, ում նախաձեռնությամբ դեռևս անցյալ տարվա սեպտեմբերից «Հայոց ցեղասպանության հիմնահարցեր» դասընթացը ներդրվեց Թալինի ավագ դպրոցում: Այս տարի նա իր փորձառնությամբ կիսվեց ՀՑԹԻ-ի՝ Հայոց պատմություն դասավանդող ուսուցիչների համար մշակած «Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում» եռօրյա ամառային դպրոցին մասնակցող ուսուցիչների հետ և արդեն այս տարվա սեպտեմբերից սահմանամերձ Ոսկեպարի Հ. Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի ուսուցչուհի, ՀՑԹԻ-ի կրթական ծրագրերի մասնակից Գայանե Սիրադեղյանի ջանքերի շնորհիվ դասընթացը ներդրվեց նաև Ոսկեպարի Հ. Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում:
«Հայոց ցեղասպանության հիմնահարցեր» դասընթացը նախատեսված է հանրակրթական դպրոցի XI դասարանի համար: Դասընթացի նպատակն է օգնել սովորողներին համակողմանիորեն ուսումնասիրել Հայոց ցեղասպանության հիմնախնդիրները: Հայաստանի Հանրապետությունում ավագ դպրոցի տարիքի սովորողներին Հայոց ցեղասպանության դասավանդումը մեծապես կնպաստի նրանց մեջ հայ ժողովրդի մեծագույն ողբերգության, դրա պատճառների, ընթացքի, հետևանքների հաղթահարման վերաբերյալ պատշաճ գիտելիքների ձեռբերմանը և արժանապատիվ քաղաքացիական դիրքորոշման ձևավորմանը: Հայոց ցեղասպանության դասավանդումը ոչ միայն և ոչ այնքան գիտելիքների փոխանցում է սովորողներին, այլև՝ ազգային, քաղաքացիական դաստիարակություն բառի ամենալայն ընդգրկումով:
Այն ուսուցիչներն ու դպրոցի տնօրենները, ովքեր ցանկություն կունենան «Հայոց ցեղասպանության հիմնահարցեր» դասընթացը ներդնել նաև իրենց դպրոցներում, պետք է կապ հաստատեն ԿԳՄՍ նախարարության հետ՝ թույլտվություն ստանալու համար:
«Հայոց ցեղասպանության հիմնախնդիրներ» դասընթացի ծրագրին կարող եք ծանոթանալ`
https://escs.am/files/files/2023-07-24/0af992b2b1fd2107f27f7a1d7f23498d.pdf: