28.01.2022
Հայոց ցեղասպանության տարիներին Արևմտյան Հայաստանի և Օսմանյան կայսրության մի շարք քաղաքներում ու գյուղերում հայերը կարողանում են ինքնակազմակերպվել և զինված դիմադրություն ցույց տալ երիտթուրքերի ցեղասպանական ծրագրի իրագործմանը: Շնորհիվ այդ դիմադրության՝ տասնյակհազարավոր հայեր խուսափում են բռնագաղթից և բնաջնջումից` գերադասելով զենքը ձեռքին պատվով զոհվել, քան ենթարկվել սպանդանոց տանող տեղահանության հրամանին:
Եղերական 1915-ին դիմադրական համառ մարտեր են ծավալվում մասնավորապես Վասպուրականի Շատախ, Արճեշ գավառներում, Վանի նահանգի կենտրոն Վան քաղաքում ապրիլ-մայիս ամիսներին, հունիսին՝ Շապին-Գարահիսար քաղաքում, hունիս-հուլիսին՝ Մուշում, մարտ-օգոստոսին՝ Սասունում, օգոստոս-սեպտեմբերին՝ Մուսա լեռան վրա, սեպտեմբեր-հոկտեմբերին՝ Ուրֆայում, Տրապիզոնում և այլուր: Հերոսամարտի առանձին դրվագներ են Յոզղաթի շրջանի Չաթ և Կիլիկիայի մի քանի գյուղերի հայության գոյամարտերը. ապաստանելով մոտակա Ագդաղ և Ամանոս լեռներում՝ նրանք չորս տարի շարունակ՝ մինչև 1918-ը համառ ու հերոսական դիմադրություն են ցույց տալիս թուրք ոճրագործներին՝ փրկվելով կոտորածներից: Հայկական գոյամարտերի շարքը կարելի է երկար թվարկել:
Որոշ վայրերում հայերը դիմադրում են շատ կարճ, որոշ տեղերում՝ շաբաթներ ու ամիսներ շարունակ, կազմակերպված կամ տարերային, զինված կամ շատ քիչ զենք-զինամթերքով։ Որոշ վայրերում ինքնապաշտպանական մարտերն ունենում են հաղթական ավարտ, որոշ տեղերում թուրքական մեծաթիվ ուժերին այնուամենայնիվ հաջողվում է ճնշել հայերի դիմադրությունը: Երևույթը շատ բազմադեմ է, գնահատականները՝ տարբեր, սակայն մեկ բան ակնհայտ է. արևմտահայությունը հաճախ հենց այնպես չի կոտորվել, չի մորթվել «ոչխարների նման», ինչպես երբեմն ստիպված ենք լինում լսել հասարակության որոշ անիրազեկ քաղաքացիներից, այլ ամեն հնարավոր պարագայում զենքը ձեռքին փորձել է պաշտպանել իր և իր ընտանիքի կյանքն ու արժանապատվությունը։
Կյանքի ու արժանապատվության համար մղվող այս պայքարում հարկավոր է առանձնակի ընդգծել հայ կնոջ ունեցած բացառիկ դերը: Հայտնի է, որ Օսմանյան կայսրությունում քրիստոնյաների դեմ իրականացվող մշտական հալածանքների, բռնությունների ու առևանգումների քաղաքականության պայմաններում հայ կինը սեփական պատիվն ու երեխաների կյանքը պաշտպանելու համար երբեմն ստիպված է եղել զենք վերցնել և դիմադրել թշնամուն: Նմանօրինակ հերոսական բազմաթիվ դեպքեր արձանագրվել են ինչպես համիդյան կոտորածների, Ադանայի և հարակից շրջանների 1909 թ. կոտորածների ընթացքում, այնպես էլ Հայոց ցեղասպանության տարիներին: Գրեթե ամենուր, որտեղ տեղի են ունեցել ինքնապաշտպանական մարտեր, կանայք գործուն մասնակցություն են ցուցաբերել ոչ միայն նախապատրաստական-կազմակերպչական հարցերում՝ խրամատներ փորելով, պատնեշներ կառուցելով, այլև, զենքը ձեռքին, ամուսինների կողքին մասնակցել են բուն մարտական գործողություններին՝ հաճախ մեծ կորուստներ պատճառելով թշնամուն:
Արժանահիշատակ է նաև թուրք ջարդարարներին դիմադրելու պատրաստ հայ պատանիների մարտական ոգին ու քաջությունը, որոնք ուղեկցվել են հերոսական բազում դրվագներով: Հիշատակման է արժանի Տրապիզոնի Ապիոն գյուղի ջոկատը՝ կազմված զինված մի խումբ պատանիներից, որոնք իրենց ուսուցչի՝ Գրիգոր Հարությունյանի ղեկավարությամբ հայկական փոքրաթիվ այլ ուժերի հետ կռվում էին Ասլան բեյի 500-հոգանոց զորաջոկատի դեմ՝ ստիպելով նրանց նահանջել:
Հայկական ինքնապաշտպանական մարտերի ուսումնասիրությունը թույլ է տալիս պնդել, որ Մեծ Եղեռնի տարիներին հայերը կարողացել են կազմակերպված դիմադրություն ցույց տալ և հերոսամարտերը հաղթական ավարտ են ունեցել հիմնականում այն բնակավայրերում, որտեղ հայ տղամարդիկ որոշակի վերապահում են ցուցաբերել օսմանյան բանակ զորակոչի պահանջին և կարողացել խուսափել դրանից: Սա կարևոր հանգամանք է, քանի որ երիտթուրքերի ցեղասպանական ծրագրի իրականացման առաջնային խնդիրը արևմտահայության մարտունակ և ղեկավար ուժի ոչնչացումն էր, ինչը հնարավորություն կտար հեշտությամբ ու առանց լուրջ խոչընդոտների իրականացնելու հայ բնակչության ծրագրված տեղահանությունն ու բնաջնջումը:
Հայկական ինքնապաշտպանական մարտերը խիստ կարևոր էին մասնավորապես 3 առումով.
1. Չլինեին այդ գոյամարտերը՝ Հայոց ցեղասպանության զոհերի թիվն անհամեմատ մեծ կլիներ: Դիմադրական մարտերը որոշ վայրերում, մասնավորապես Վանում, Մուսա լեռում, Տրապիզոնում թույլ են տալիս ժամանակ շահել դաշնակիցների և հայկական կամավորական ուժերի օգնության հասնելու համար, ինչը ոչ միայն օժանդակում է անխուսափելի մահվան դատապարտված տասնյակհազարավոր հայերի փրկվելուն, այլև ապահովում հայ ժողովրդի մնացած հատվածի գոյությունը։
2. Չնայած փոքրաթիվ և վատ զինված լինելուն՝ գրեթե ամենուր, որտեղ հայերը դիմում են ինքնապաշտպանության, իրենց կազմակերպվածության և մարտունակության շնորհիվ զգալի կորուստներ են պատճառում թշնամուն: Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայ երիտասարդներից շատերը՝ շուրջ 5000 հոգի, թուրքական ցեղասպան քաղաքականության դեմ պայքարը շարունակում են ֆրանսիական բանակի «Արևելյան լեգեոն»-ի կազմում, որը 1919-ի փետրվարից վերանվանվեց «Հայկական լեգեոն»: Լեգեոնի քառամյա պատմության ընթացքում հայ կամավորները բազմիցս աչքի են ընկնում իրենց անձնազոհությամբ՝ մեծապես նպաստելով պատերազմում Թուրքիայի դեմ տարած հաղթանակին:
3. Այս ամենն իր հերթին նպաստում է 1918-ի մայիսին՝ դեռևս Առաջին աշխարհամարտի ընթացքում՝ պետականության բացակայության պայմաններում, միավորվել և հաղթական ինքնապաշտպանական ճակատամարտեր մղել Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում՝ այդպիսով արևելահայությանը փրկելով սպասվող ցեղասպանությունից։
Այսպիսով, հայկական ինքնապաշտպանական մարտերն իսկական հերոսամարտեր էին, խիստ անհավասար պայմաններում պայքար ընտանիքի, սեփական կյանքի, արժանապատվության և վերջապես հավատքի համար: Հերոսամարտերն իրենց մեջ ամփոփում են յուրօրինակ խորհուրդ և պատգամ հետագա սերունդների դաստիարակության ու արժեհամակարգի ձևավորման գործում: Հայոց պատմության այս հերոսոկան էջերն անհրաժեշտ է մշտապես շեշտադրել և միլիոնավոր անմեղ զոհերի հանդեպ ունեցած վիշտը զուգակցել ազգի տոկունության և պայքարի վճռականության ապացույցներով։
Սեդա Պարսամյան
ՀՑԹԻ թանգարանային ցուցադրությունների կազմակերպման բաժնի վարիչ
Ինքնապաշտպանությանը մասնակցած Ապիոն գյուղի պատանիներից կազմված ջոկատ, որի ղեկավարն էր նրանց ուսուցիչ Գրիգոր Հարությունյանը
«Յուշամատեան Հայ Յեղափոխական Դաշնակցութեան. 1914-1925», հտ. Բ, Լոս Անճելըս, 2001
Արտամետից Վան եկած և կռվելու պատրաստ հայ երեխաները` հերոսամարտից կարճ ժամանակ անց, 1915 թ.
“National Geographic”, օգոստոս, 1919 թ.
Ֆընտըճագցի հերոսուհի Խաթուն Չավուշ Յափուճյանը
Գալուստեան Հ. Գ., Մարաշ կամ Գերմանիկ ևւ հերոս Զեյթուն, Նիւ Եորք, 1934
Ամանոսի գոյամարտական խումբը. կենտրոնում նստած են հրամանատարներ Ավետիս Աղան, Հակոբ Չավուշը և Արամ Չավուշը
Հայաստանի ազգային արխիվ
Հայ լեգեոնականների մի խումբ, 1918-1919 թթ.
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ