28.02.2019
Արցախի հայ բնակչության ժողովրդավարական կամքի դրսևորման հանդեպ Ադրբեջանի պատասխանը եղավ սկզբում Սումգայիթում, իսկ հետագայում նաև հանրապետության այլ բնակավայրերում կազմակերպված հանցագործությունները, սպանությունները, բռնությունները, որոնք հաճախ գնահատվում են ոչ այլ կերպ քան որպես ցեղասպանական ակտեր: Սումգայիթում տեղի ունեցած զանգվածային սպանությունների և բռնությունների նպատակը մեկն էր` ահաբեկել հայերին նոր արյունահեղ գործողությունների հեռանկարով և ստիպել հրաժարվել Ղարաբաղի համար մղվող պայքարից: Սումգայիթում իրագործված ծրագրավորված բռնությունները, սպանդը, բռնի տեղահանությունը առանձնահատուկ դաժանությամբ են իրականացվել: Առանց բացառության բոլոր սպանությունները կատարվել են աննախադեպ սադիզմով, Սումգայիթի բազմաթիվ քաղաքացիների աչքի առաջ: Զարհուրելի եղեռնագործության ապացույցները, վկայությունները օգնում են ուրվագծել սահմռկեցուցուիչ պատկերների մի ամբողջ շղթա: Եռօրյա բռնությունների հետևանքով սպանվել, ողջակիզվել և կտտանքների են ենթարկվել բազմաթիվ սումգայիթցի հայեր: Եղել են հարյուրավոր վիրավորներ, իսկ քաղաքի 17.000-ի հասնող բնակչությունը տեղահանվել է: Թալանվել, կողոպտվել ու ավերվել է 200-ից ավել հայապատկան բնակարան:
Ասել, որ Սումգայիթում իրադարձությունները տարերայնորեն կատարվեցին, սխալ կլիներ: Այն, ինչ տեղի ունեցավ այնտեղ 1988 թվականի փետրվարի 27-ից 29-ը, բավական մանրակրկիտ ձևով էր կազմակերպվել: Գոյություն է ունեցել սպանություններ և բռնություններ իրականացնելու որոշակի սցենար, որի առկայությունն են հաստատում Սումգայիթի հայերի հասցեների ցուցակների գոյությունը ջարդարարների մոտ, հանցագործություններից հետո հետքերի վերացումը և այլն: Դեռ զանգվածային բռնությունների նախօրյակին հայկական ազգային պատկանելություն ունեցող մարդկանց ցուցակներ էին կազմվել: Սումգայիթի եղեռնագործությունը ծրագրված ակցիա էր, ի հաստատումն որի կան բազմաթիվ փաստեր: Հանցագործության կազմակերպման ընթացքում ոչ մի հարց չէր անտեսվել: Սումգայիթի խողովակագլանման գործարանում պատրաստվել էին դանակներ, կացիններ, կտրվել ու սրվել էին ամրանների կտորներ: Ակնհայտ էր երկրի կուսակցական, պետ. անվտանգության, միլիցիայի անգործությունը: Սումգայիթում «խուլիգանություն անող տարրերին» սնող կարևոր գործոններից մեկը անպատժելիության գործոնն էր, որի գիտակցությունը մարդկանց մեջ ձևավորվում էր այնպիսի հանգամանքների ազդեցության տակ, ինչպիսիք էին իրավապահ մարմինների անգործությունը, իսկ որոշ դեպքերում նաև աջակցությունը կազմակերպված բռնություններին: Սումգայիթյան ողբերգությունից ամիսներ անց` ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հուլիսի 18-ի նիստի ժամանակ Մ. Ս. Գորբաչովը նշեց, որ այդ ողբերգությունը չէր լինի, եթե խորհրդային զորքը երեք ժամ չուշանար: Դժվար է համաձայնել այս կարծիքի հետ, քանի որ Պաշտպանության նախարարության և Ներքին գործերի նախարարության ստորաբաժանումնները Սումգայիթ էին ժամանել 28-ի երեկոյան, մինչդեռ մեկ օր անց, 29-ի երեկոյան ժամերին այնտեղ ավելի քան 10 հայ էր սպանվել: Սակայն, ինչպես փաստում են ականատեսների ցուցմունքները, քաղաք ժամանելուց հետո էլ բանակային ստորաբաժանումները չէին շտապել օգնության հասնել:
Սումգայիթյան եղեռնագործության իրական մասշտաբները այդպես էլ վերջնականապես չբացահայտվեցին: Ոչ պաշտոնական տվյալների համաձայն Սումգայիթում սպանված բնակիչների թիվը անհամեմատ շատ էր: Դա էին փաստում Հայաստան գաղթած փախստականների վկայությունները: Միակ հստակ տեղեկությունն այն էր, որ կա 32 զոհ (26-ը՝ հայ), որոնց մեջ են նաև ծերեր և կանայք: Այն մարդիկ, որոնց հաջողվել էր փրկվել պատմում էին, որ զոհերի թիվը անհամեմատ շատ է: Շրջանառվում էին 100, 200, 500 և ավել թվերը: Սումգայիթյան հարյուրավոր ջարդարարներից պատասխանատվության է ենթարկվել միայն 94 մարդ: Սումգայիթյան գործերով դատավարությունները խորը հիասթափություն էին առաջացրել հայ հասարակության մեջ: Բավական է նշել միայն, որ միայն մեկ ազգի դեմ ուղղված բռնությունները ու սպանությունները որակվել էին որպես խուլիգանական դրդապատճառներով պայմանավորված գործողություններ: Միակ դատական գործընթացը, որը քիչ թե շատ լուսաբանվեց ԽՍՀՄ լրատվամջոցներում, դա երեք մարդասպանների՝ Ահմեդ Ահմեդովի, Իլհամ Իսմաիլովի և Յավար Ջաֆարովի դատավարություններն էին, որոնք անցկացվում էին Մոսկվայում՝ ԽՍՀՄ Գերագույն դատարանում: Սումգայիթյան իրադարձությունների ականտեսները մտովի միանգամից զուգահեռներ էին անցկացնում 1915 թ. Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված ցեղասպանության հետ: Երկրի լրատվամիջոցները` հատկապես կենտրոնական մամուլն ու հեռուստատեսությունը, ակներևաբար չէին ընդունում, որ Սումգայիթում հայերի զանգվածային սպանությունները կատարվել էին ազգային հողի վրա: Քննչական օրգանները, որոնք պարտավոր էին ճշգրտորեն սահմանել հանցագործության շարժառիթը, ամեն ինչ հանգեցրել էին խուլիգանական դրդապատճառներին, մինչդեռ նախնական դատական քննական նյութերով հստակ սահմանվել էր, որ զանգվածային բռնություններին և կողոպուտին նախորդել էր քարոզչությունը, որի նպատակը ազգային թշնամանքի հրահրումն է եղել:
Հայերի հանդեպ ցեղասպանական գործողություններ իրականացրած ոճրագործները մինչ օրս մնում են անպատիժ:
Լենա Գևորգյան
Դրվագ սգո քայլերթից: Եղեռնի զոհերի հուշահամալիր, 8 մարտի 1988 թ.: Արտատպված է «Երկաթէ Շերեփ» պարբերականից, 1988, թիվ 12, մայիս, բացառիկ, էջ 4:
Քարտեզ-պլակատ: Օպերայի հրապարակ, հունիս 1988 թ.: Լուսանկարը Լ. Աբրահամյանի:
Դրվագ շքերթից: Երևան, Լենինի հրապարակ, 7 նոյեմբերի 1988 թ.: Լուսանկարը Հ. Մարությանի:
Սումգայիթյան ջարդերի և Մեծ եղեռնի ժողովրդական համադրությունը: Կոնսերվատորիա, 18 նոյեմբերի 1988 թ.: Լուսանկարը Հ. Մարությանի: