Փետրվարի 28-ին 1988 թվականի փետրվարի 27-29-ը Սումգայիթ քաղաքում իրականացված հայերի ջարդերի 32-րդ տարելիցի առիթով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, փոխվարչապետներ՝ Տիգրան Ավինյանի, Մհեր Գրիգորյանի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ այցելեց Ծիծեռնակաբերդի բարձունք` հարգանքի տուրք մատուցելու ոճրագործության զոհերի հիշատակին։
Վարչապետը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս ծաղկեպսակներ և ծաղիկներ դրեցին զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձաններին և հարգանքի տուրք մատուցեցին անմեղ զոհերի հիշատակին:
Այնուհետև պատվիրակության մյուս անդամներն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին՝ ծաղիկներ դնելով հուշարձանների մոտ:
Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների հետ միասին աղոթք բարձրացրեց Սումգայիթում զոհվածների հոգիների հանգստության համար: Պատվիրակությանն ուղեկցեց ՀՑԹԻ փոխտնօրեն Էդիտա Գզոյանը:
Հուշարձանների մոտ ծաղկեպսակներ դրվեցին նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և Ազգային ժողովի անունից: Ավելի վաղ երկրի նախագահն ուղերձ էր հղել Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրվա առթիվ․
«Հիշելով ավելի քան 30 տարի առաջ տեղի ունեցած ողբերգական դեպքերը և ոգեկոչելով զոհ գնացած մեր հայրենակիցներին, Հայաստանում և Արցախում փետրվարի 28-ը հռչակելով Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օր, մենք նաև ուղերձ ենք հղում մարդկությանը՝ քաղաքակրթությունը չի կարող զարգանալ ֆաշիզմի, ազգային խտրականության և այլատյացության ճանապարհով» ,- ասված է նախագահի ուղերձում: