28.02.2023
Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի փոխխոսնակ, պալատի բյուրոյի փոխնախագահ Ջունա Բերնարդի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 28-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Լյուքսեմբուրգ բարեկամական խմբի ղեկավար Սոնա Ղազարյանի և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանի ուղեկցությամբ:
Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նա անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:
Տիկին Ջունա Բերնարդը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Հարություն Մարությանը նրանց պատմեց Հուշապատի մասին, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները:
Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո պատվիրակության անդամները գրառում կատարեցին Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Շնորհակալություն հայտնելով այցի համար ՀՑԹԻ գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը տիկին Ջունա Բերնարդին նվիրեց Հայոց ցեղասպանության մասին գրքեր:
Ի դեպ, Լյուքսեմբուրգի պատվիրակության կազմում առաջին անգամ մեր երկիր էր այցելել նաև Պատգամավորների պալատի բյուրոյի անդամ Կլոդ Վիզլերը, որի գլխավորած կուսակցությունն ինչպես Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի կողմից 2015 թ. Հայոց ցեղասպանության ճանաչման, այնպես էլ 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Լյուքսեմբուրգի խորհրդարանի ընդունած հայանպաստ բանաձևերի հեղինակ է: