28.05.2022
Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն մայիսի 28-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի ուղեկցությամբ:
Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը:
Նա Փարիզի քաղաքապետին պատմեց Ծիծեռնակաբերդում տեղադրված հուշաքարի մասին, որը նվիրված է Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը:
Անն Իդալգոն ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը:
Այցի ավարտին Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Հիշողության պուրակում ջրեց 2016 թ. իր տնկած արծաթափայլ եղևնին: