28.07.2022
Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ Անի Մանուկյանի
«Հաղթեցին ապրելով» գրքի շնորհանդեսը:
Նախ ներկաներին ողջունեց ՀՑԹԻ Վ. Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ պ. գ. թ. Սուրեն Մանուկյանը՝ հակիրճ ներկայացնելով հեղինակի կենսագրությունը և գիտակրթական գործունեությունը: Անի Մանուկյանն անգլերենի մասնագետ է, թարգմանիչ և երկրագետ: 2013 թ. Երիտասարդ դասախոսների վերապատրաստման ամերիկյան փոխանակման ծրագրի (JFDP) շրջանակում Արիզոնայի նահանգային համալսարանի պատմության, փիլիսոփայության և կրոնագիտության ֆակուլտետում ուսումնասիրել է ամերիկաբանություն: 2019-2020 թթ. անգլերենից հայերեն է թարգմանել Հայոց ցեղասպանությունը վերապրած Սուրեն Հանեսյանի «Կյանքիս պատմության խորքերով» կենսագրական գիրքը:
«Հաղթեցին ապրելով» գրքի հեղինակ Անի Մանուկյանը նշեց, որ ինքն Ալեքսանդրապոլի Պոլիգոնի ամերիկյան որբանոցում մեծացած սաների թոռնուհի է:
«Գրքում ընդգրկված է 34 հուշապատում: Յուրաքանչյուր պատմության սկզբում նկարագրվում է հանդիպումը ժառանգի հետ: Ամեն զրույցից հետո նյութը մշակվել է, հարստացվել որբերի և նրանց անձնական իրերի լուսանկարներով, Հայստանի ազգային դիվանում պահվող փաստաթղթերով: Այդ աղջիկների պատմությունը ցույց է տալիս ցեղասպանության դաժանությունն ու վերապրածների անկոտրում ոգին»,— ավելացրեց նա:
Գիրքը Հայոց Մեծ եղեռնը վերապրած հայուհիների մասին է, որոնք փրկություն են գտել Ալեքսանդրապոլի (Գյումրի) Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեի հիմնած որբանոցներում։ Գրքում տեղ են գտել նաև Հայաստանի ազգային արխիվի և Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգների տրամադրած նյութերը։
Շնորհանդեսին ներկա էին նաև Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներից մի քանիսը, որոնք մասնակիցներին ներկայացրին իրենց ընտանեկան պատմությունները:
Հանդիպման ավարտին Անի Մանուկյանը շնորհակալություն հայտնեց ՀՑԹԻ տնօրենությանը գրքի շնորհանդեսը կազմակերպելուն աջակցելու համար: