28.12.2021
Հայոց ցեղասպանության թանգարանի և վարչական շենքի, նաև Հուշահամալիրի Հավերժության տաճարի և մի շարք այլ տարածքների հիմնանորոգման անհրաժեշտության մասին տնօրենության կողմից պարբերաբար հնչեցվող անհանգստություններին արձագանքելով, 2020 թ. դեկտեմբերի վերջին ՀՀ ԿԳՄՍՆ-ի կողմից ֆինանսավորվել է նշված կառույցների հիմնանորոգման նախագծային-նախահաշվային փաստաթղթերի կազմումը։ Հեղինակային իրավունքի գործոնով պայմանավորված, այդ աշխատանքներն իրականացվել են «Հայնախագիծ» ԲԲԸ-ի կողմից, մասնակցությամբ Հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի ճարտարապետ Սաշուր Քալաշյանի։ Գումարը կազմել է շուրջ 800 մլն դրամ։
Հասկանալի պատճառներով այդ չափի գումար դժվար էր միանգամից ձեռք բերել, ուստի փորձ արվեց գումարներ գտնել գոնե թանգարանի բացօթյա սրահի / ներքին բակի ջրամեկուսացման հարցերի լուծման համար։ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Ռայմոն Հարություն Գևորգյանի ջանքերով՝ հնարավոր եղավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղից ֆինանսական աջակցություն ստանալ։ Նոր նախագծային-նախահաշվային աշխատանքների ավարտից ժամանակ անց շինարարական կազմակերպությունը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ համապատասխան պայմանագրի կնքումից հետո, սկսեց նշված հատվածի բարեկարգման աշխատանքները։ Հիմնանորոգվելու են մթնոլորտային ջրերի ներթափանցումից շարքից դուրս եկած կոնստրուկցիաները, որոնց պատճառով անձրևաջրերը վնասում էին թանգարանի ներքին բակի տակի հատվածում գտնվող մեծ ցուցասրահը, որի առաստաղի գիպսակարտոնե ծածկը տեղ-տեղ էապես վնասված է և սրահը հունիսի 21-ից ժամանակավորապես փակ է: Նկատենք, որ ջրահեռացման և ջրամեկուսացման հարցը նոր չէ. այն թանգարանի կառուցումից ի վեր պարբերաբար խնդիրներ է առաջացրել Հայոց ցեղասպանության թանգարանի գործունեության համար:
Հայոց ցեղասպանության թանգարանի ներքին բակի հիմնավերանորոգման աշխատանքները սկսելու համար անհրաժեշտություն էր առաջացել ապամոնտաժել Հայոց ցեղասպանության թանգարանի բակում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հավաքական տապանաքարը: Այն նոյեմբերի 16-ին քանդակագործ-հեղինակի հետ խորհրդակցելուց հետո ժամանակավորապես ապամոնտաժվել է և տեղադրվել է Հուշահամալիրի՝ անմար կրակի մոտ տանող ճանապարհի աջակողմյան կանաչապատ հատվածում:
Հիմնավերանորոգման ավարտից հետո տապանաքարը կվերատեղադրվի և կվերաբացվի ջրահեռացման խնդիրների պատճառով տուժած սրահը: