28.12.2024
Երեկ՝ դեկտեմբերի 27-ին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների դահլիճում տեղի ունեցավ մեծանուն արևելագետ, պատմաբան Մանվել Զուլալյանին (1929–2012) նվիրված հիշատակի միջոցառում, որին ներկա էին Մանվել Զուլալյանի եղբոր թոռը՝ Նարեկ Զուլալյանը, Խաչատուր Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանը, և ընտանիքի այլ անդամներ, ՀՑԹԻ-ի աշխատակիցներ և այլք:
ՀՑԹԻ-ի տնօրեն Էդիտա Գզոյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ մեծ է պատմաբան Մանվել Զուլալյանի դերը հայ արևելագիտության և ընդհանրապես պատմագիտության զարգացման գործում և ուրախ է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հյուրընկալելու նրա հիշատակի միջոցառման հյուրերին:
Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի վարիչ Շուշան Խաչատրյանը, ում նախաձեռնությամբ կազմակերպվել էր միջոցառումը, ներկաներին հակիրճ ներկայացրեց Մանվել Զուլայանի կենսագրությունը և գիտական ժառանգությունը: Գիտնական Մանվել Զուլալյանի մասին իրենց հուշերով ներկաների հետ կիսվեցին նրա նախկին ուսանողներ ՀՑԹԻ ավագ գիտաշխատողներ Գևորգ Վարդանյանը, Ռոբերտ Թաթոյանը, ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Անժել Թևեքելյանը, նաև ավագ գիտաշխատող Թեհմինե Մարտոյանը, ՀՊՄՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանը: Բոլորն իրենց խոսքում նշեցին, որ Մանվել Զուլալյանը ոչ միայն փայլուն գիտնական էր, այլ նաև հրաշալի մանկավարժ, ուսուցիչ և պարզապես լավ մարդ:
Դահլիճում ներկա Մանվել Զուլալյանի եղբոր թոռը՝ Նարեկ Զուլալյանն էլ շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպման համար և ակադեմիկոս Մանվել Զուլալյանի անձնական գրադարանի գրքերից հանձնեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին:
Հիշեցնենք, որ ակադեմիկոս Մանվել Զուլալյանը (1929 Հալեպ-2012 Երևան) հայազգի այն ուսումնասիրողներից է, որի աշխատությունները դարձել են հետագա սերունդների մասնագետների համար հիմնարար գիտելիք փոխանցող, կրթող և ուղղորդող։ Զուլալյանը Հովսեփ Օրբելու ուսանողներից էր և նրա ղեկավարությամբ էլ 1959 թ. պաշտպանում է իր թեկնածուական թեզը՝ «Հայաստանը XVI դարի առաջին կեսին»: 1975 թ․ պաշտպանում է նաև դոկտորական ատենախոսությունը՝ «Արևմտյան Հայաստանը XVI–XVII դարերում»։ 1990 թ․ ընտրվում է Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի թղթակից, իսկ 1996 թ․` իսկական անդամ։ Տիրապետելով արևելյան և արևմտյան մի շարք լեզուների (թուրքերեն, արաբերեն, պարսկերեն, ֆրանսերեն, ռուսերեն և այլ)՝ Մանվել Զուլալյանն իր գիտական ուսումնասիրությունները կենտրոնացնում է պատմագիտական և աղբյուրագիտական նոր բացահայտումների վրա, որոնք առնչվում են Օսմանյան կայսրության և Հանրապետական Թուրքիայի, Հայաստանի պատմության տարբեր՝ հիմականում ուշ միջնադարին առնչվող դրվագներին, շարժումներին ու գաղափարական հոսանքներին։