28.02.2023
1988 թ. փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մարզխորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում ընդունեց ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից հանելու և Խորհրդային Հայաստանին միավորելու հարցով խնդրանքով դիմել Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդներին և միջնորդել ԽՍՀՄ Գերագույն խորհրդի առջև՝ այդ հարցի դրական լուծման համար
[1]: Որոշմանը ադրբեջանական կողմը «արձագանքեց» մի քանի օր անց` Խորհրդային Միության ինտերնացիոնալիզմի խորհրդանիշ համարվող Սումգայիթ քաղաքում: Արցախահայության ինքնորոշման և իր հայրենքում անվտանգ ու արժանապատիվ ապրելու իրավունքին հակադրվեցին էթնիկ պատկանելության հիմքով իրագործված ջարդերն ու բռնությունները:
Փետրվարի 26-ից Սումգայիթում սկիզբ առան հակահայկական ցույցեր, որտեղ հնչում էին «Մա՛հ հայերին» և «Հայեր հեռացե́ք» կոչերը: Հայատյացության հրահրման նպատակով Կապանից եկած փախստականների անվան տակ Սումգայիթում սկսեցին գործել հատուկ սադրիչներ, որոնք լուրեր են տարածում Հայաստանում ադրբեջանցիների դեմ իբրև տեղի ունեցած հանցագործությունների մասին: Փետրվարի 27-ի երեկոյան սկսվեցին բռնի գործողությունները քաղաքի հայ բնակչության նկատմամբ: Ջարդարարաների հատուկ խմբերը ներխուժում էին նախապես նշանառված հայկական բնակարանները: Կոտորածի օրերին շատ հայերի բնակարաններում չեն աշխատել հեռախոսները, ոստիկանությունը ցուցաբերել է հանցավոր անգործություն, ըստ որոշ վկայությունների` նաև մասնակցություն: Ջարդերի իրագործման եղանակաձևերն աչքի էին ընկնում անմարդկային դաժանությամբ: Կատարվել են հայ բնակչության սպանություններ, պատճառվել են ֆիզիկական ծանր վնասվածքներ և հոգեկան առողջության խանգարումներ, խոշտանգումներ, ողջակիզումներ, բռնաբարություններ:
Փետրվարի 28-ի երեկոյան խորհրդային բանակային ստորաբաժանումները մտան Սումգայիթ` սկզբնապես չունենալով ջարդարարաների հանդեպ ուժ և զենք գործադրելու հրաման: Արդյունքում ադրբեջանական կողմից հարձակումներ տեղի ունեցան խորհրդային զինվորական ստորաբաժանումների վրա, որի հետևանքով վիրավորվեցին 140 խորհրդային զինծառայող
[2]: Միայն փետրվարի 29-ի երեկոյան բանակային ստորաբաժանումները դիմեցին վճռական գործողություների, և հայերի ջարդերը դադարեցին:
Պաշտոնական տվյալներով Սումգայիթի ջարդերի հետևանքով զոհվեց 32 մարդ (26 հայ, 6 ադրբեջանցի)
[3],ավելի քան 400-ը ստացան տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, շուրջ 200 բնակարան ենթարկվեց հարձակման և կողոպուտի, վնասվեց մշակութակենցաղային նշանակության ավելի քան 50 շինություն և ավելի քան 100 միավոր ավտոտրանսպորտ
[4]:Սումգայիթյան ջարդերի դատավարական գործընթացի կազմակերպումը, դրա «անաչառությունը» մի շարք անպատասխան հարցեր թողեցին, որոնցից մեկը նաև զոհերի և վիրավորների թվաքանակի ճշգրտության խնդիրն է։ Պաշտոնականից զատ, զոհերի և վիրավորների թվաքանակի վերաբերյալ կան այլ տեղեկություններ և տվյալներ
[5]:
Սումգայիթյան ջարդերը լայն արձագանք գտան հայ իրականությունում՝ առաջին հերթին կապվելով XX դարասկզբին Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության հետ։ Հայ բնակչության ջարդերը ցեղասպանական բնույթ ունեին և դրանց նպատակը արցախյան շարժման ծավալման կասեցումն էր, արցախահայության ինքնորոշման իրավունքի ճնշումը։ Սումգայիթյան ջարդերը 1988-1990 թթ. Ադրբեջանական ԽՍՀ-ում հայերի դեմ զանգվածային և լայնածավալ հանցագործությունների շղթայի առաջին գործողությունն էր։ Կենտրոնական իշխանությունները համարժեք իրավական և քաղաքական գնահատականի չարժանացրեցին Սումգայիթի հայ բնակչության ջարդերը` այն ներկայացնելով հասարակության «խուլիգանական տարրերի» կողմից իրագործված գործողություններ, զանգվածային անկարգություններ: Պաշտոնական նման խոսույթն արտացոլվեց նաև սումգայիթյան ջարդերի դատավարական գործընթացում, որի հետևանքով ջարդերի կազմակերպիչները չբացահայտվեցին և չպատժվեցին: Հայ-ադրբեջանական միջէթնիկ բռնության նկատմամբ նման դիրքորոշումը և անպատժելության այդ մթնոլորտը կարևոր նշանակություն ունեցավ Ադրբեջանում՝ հակահայկական բռնությունների հետագա ծավալման ու շարունակականության համար։
Խորհրդային Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը շարունակվում է ժամանակակից Ադրբեջանի կողմից: Դրա վերջին դրսևորումն է 2022 թ. դեկտեմբերի 12-ից Հայաստանի հետ կապող միակ ճանապարհի` Լաչինի միջանցքի փակումը և շուրջ 120 հազար հայությանը հումանիտար աղետի առջև կանգնեցնելը: Նմանօրինակ քաղաքականությունը նպատակ ունի հայ բնակչությանը էթնիկ զտումների ենթարկելու միջոցով հայաթափել Արցախի Հանրապետությունը:
Գայանե Հովհաննիսյան
ՀՑԹԻ Արցախի, Նախիջևանի և Ադրբեջանի հայության բռնաճնշումների ուսումնասիրության բաժնի գիտաշխատող
Ծանոթագրություններ
[1] Սովետական Ղարաբաղ օրաթերթ (Ստեփանակերտ), 21 փետրվարի 1988, 1։
[2] Владимир Гуров, «Вооруженные силы СССР в армяно-азербайджанском (Карабахском) вооружённом конфликте (1988-1991 гг.)», Известия Самарского научного центра Российской академии наук, т. 14, N 3 (2012), 110.
[3] Ըստ Վ․ Կրիվոպուսկովի փետրվարի 29-ին ջարդարարների կողմից բանակի զրահափոխադրիչի հրկիզման հետևանքով վարորդը կորցրել է գիտակցությունը, ինչի հետևանքով մեքենան մխրճվել է ամբոխի մեջ՝ սպանելով 6 ադրբեջանցիների․ Виктор Кривопусков, Мятежный Карабах. Из дневника офицера МВД СССР (Москва։ Голос-Пресс, 2007), 241։
[4] Следственные документы: Обвинительное заключение. По уголовному делу N 18/60232-08/ http://karabakhrecords.info/documents_investigation_obvinitelnoe-zaklyuchenie-ud-1860232-08.html, դիտվել է՝ 20․10․2021:
[5] Զոհերի թվաքանակի մասին մանրամասն տե´ս Баграт Улубабян, Сурен Золян и др., Сумгаит... Геноцид... Гластность? (Ереван: Общество Знание, 1989), 55; Арсен Мелик-Шахназаров, Нагорный Карабах: Факты против лжи (Москва: Волшебный фонарь, 2009), 285; Кривопусков, Мятежный Карабах, 149; Улубабян Г., «В Сумгаите погибло 32 человека. Ложь!», Эпоха, N 4 (1990) http://sumgait.info/press/epokha/epokha-9009_N4.htm, դիտվել է՝ 20․10․2021; Ուլուբաբյան Հ․, «Սումգայիթում հայերի ցեղասպանության զոհերի թվի մասին», Լույս ամսագիր, N 163 (2011), 1-2; Մարիամ Ավագյան, Հովիկ Ավանեսով, «Սումգայիթի և Բաքվի ցեղասպանությունների զոհերի թվի շուրջ», https://www.lragir.am/2020/03/07/524751/, դիտվել է՝ 20․10․2021։