29.04.2025
Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի, Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի և ՀՀ-ում Վրաստանի դեսպան Գիորգի Շարվաշիձեի ուղեկցությամբ:
Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը և ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը:
Վրաստանի նախագահը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: